Գերմանիայի ՆԳՆ-ն հավաքել է 1.2 հազար էջանոց նյութ` արգելելու համար Գերմանիայի Ազգային- ժողովրդավարական կուսակցության գործունեությունը: Այս մասին հաղորդում է dpa-ն` հղում կատարելով Spiegel ամսագրին:
Այդ թղթապանակից տեղեկություններ դեռ չեն հրապարակվում: Սակայն ԶԼՄ-ները պարզել են, որ փաստաթղթում, մասնավորապես, ներառված են կուսակցական գործիչների, օրինակ` Մեկլենբուրգի Ազգային-ժողովրդավարների խմբակցության ղեկավար Ուդո Պաստյորսի որոշ արտահայտություններ. «Եթե մենք հայտարարենք, որ Եվրոպան սպիտակ ռասայի տարածք է ու պետք է այդպիսին էլ մնա, ապա իրավունք կունենանք հարկ եղած դեպքում դա պնդել ռազմական մեթոդներով»:
Գերմանիայի ՆԳՆ-ի հաղորդմամբ` նյութերի հավաքագրման գործընթացը դեռ շարունակվում է: Երբ այն ավարտվի, հավաքված տեղեկատվությանը կտրվի իրավական գնահատական: Եվ միայն դեկտեմբերին դաշնային ու շրջանային իշխանությունները կկայացնեն անհրաժեշտ քաղաքական որոշում` կուսակցության դեմ հայց կներկայացվի՞, թե՞ ոչ:
Կուսակցության գործունեությունն արգելելու համար իշխանությունները Դաշնային Սահմանադրական դատարանում պետք է ապացուցեն, որ կուսակցությունը իր գաղափարախոսությունը տարածելու համար օգտագործում է ագրեսիվ, բռնություններով լի ու հակասահմանադրական մեթոդներ: