Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր` հուլիսի 26-ին, ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունին:
Տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Գ. Բեգլարյանը նախևառաջ կարևորել է Հայաստանի հետ Չինաստանի կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բանգավառում և վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան այդ ոլորտում նոր համագործակցություն սկսելու և շարունակելու համար:
Մասնավորապես, Գագիկ Բեգլարյանն առաջարկել է մշակել և ներկայացնել առաջարկներ, որոնց շուրջ Չինաստանը կցանկանար համագործակցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, ինչպես նաև նշել, որ նախարարությունը իր հերթին ևս կներկայացնի առաջարկությունների ցանկ:
Դեսպանը ևս համաձայնել է նախարարի հետ` նշելով, որ տրանսպորտի ոլորտում կան համագործակցության լայն հեռանկարներ, քանի որ Պեկինի և Երևանի միջև խորը բարեկամական հարաբերություններ են հաստատվել: Նաև հայտնել է իր աջակցությունն ու պատրաստակամությունը` նախարարության կողմից ներկայացվող առաջարկների քննարկման և իրականացման ուղղությամբ:











































