Օրերս ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը, դժգոհելով ոստիկանության բարեփոխումների ընթացքից, նաև հայտարարեց ոստիկանի մտածողության փոփոխության մասին: Սա շատ կարևոր խնդիր է, և արժե այն արժանացնել իսկապես լուրջ ուշադրության:
Բանն այն է, որ ընդհանրապես ոստիկանությունը Հայաստանի ներկայիս ժամանակաշրջանում դառնում է բավական առանցքային մի կառույց: Խնդիրն այն է, որ Հայաստանում ներկայումս ընթանում է պայքար օրենքի և անօրինության, օլիգարխիկ համակարգի և ազատական հասարակական կառուցվածքի, ժողովրդավարության, իրավահավասարության միջև: Եվ այդ առումով ոստիկանությունը կամ պետք է կանգնի այս դիրքում՝ լինելով օրենքի, հասարակության, իրավահավասարության երաշխավորը, կամ այն՝ օլիգարխիկ համակարգի պահակը: Եվ այս իմաստով, ոստիկանության մտածողության խնդիրն, իհարկե, կարևոր է:
Բանն այն է, որ Հայաստանում ոստիկանությունն ինքնին դարձել է օլիգարխիկ համակարգի շարունակությունը: Բարձրաստիճան ոստիկանների ճնշող մեծամասնությունը ոչ պակաս օլիգարխներ են: Օրինակ` Երևանի ոստիկանապետը ունի սուպերմարկետների ցանց: Այն, իհարկե, որդու անվամբ է գրանցված, սակայն քչերը, թերևս, կասկածեն, որ եթե նա չլիներ Երևանի ոստիկանապետի որդին, ապա այդ սուպերմարկետների ցանցն էլ չէր լինի: Նույն մարդը ունի նաև այլ բիզնեսներ: Նա մենակ չէ համակարգում: Բարձրաստիճան մի շարք ոստիկաններ ունեն խոշոր բիզնեսներ, հանդիսանում են գործարարներ, և եթե դրան գումարվում է նրանց ունեցած ոստիկանության իշխանությունը, ապա նրանք, այսպես ասած, դասական օլիգարխ են: Միևնույն ժամանակ, նրանք դասական օլիգարխ են ոչ միայն կարգավիճակային սահմանման, այլ նաև իրենց վարքի, բարքի իմաստով: Նրանք իրենց ոչ պակաս անպատժելի են զգում, քան օլիգարխները, նրանց թիկնապահները ոչ պակաս հանդուգն են ու քաղաքացիների հանդեպ կոշտ և կոպիտ, որքան օլիգարխներինը:
Այդպիսով, ոստիկանությունն ինքնին, ըստ էության, կանգնած է օլիգարխիկ համակարգի հետ մի շարքում, այդ թվում` նաև մտածողության առումով, հետևաբար` ոստիկանությանն այդ շարքից դուրս բերելու համար մտածողությունն իսկապես պետք է փոխվի: Բայց ինչպե՞ս: Կա՞ արդյոք հնարավորություն կարճ ժամանակում փոխել տասնյակ հազարների մտածողությունը: Իսկ այն, որ դա անհրաժեշտ է անել կարճ ժամանակում, կասկած չկա, որովհետև Հայաստանը ժամանակ չունի, ժամանակը Հայաստանի համար սպառվում է կրկնակի, եռակի արագությամբ: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը չի ներկայացնում այն բանաձևը, որով պետք է փոխվի տասնյակ հազար ոստիկանների մտածողությունը: Մինչդեռ բանաձևը պարզ է և այստեղ հեծանիվ հորինելու կարիք չկա: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է սկսի իր մտածողությունից, հետո դա պետք է տարածվի իր անմիջական ենթակաների վրա, հետո հասնի ոստիկանությանն ու այլ պետական կառույցներին:
Այսինքն` ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես է մտածում պետական համակարգի թիվ մեկ պաշտոնյան: Եթե այդ պաշտոնյան, Սահմանադրության երաշխավորը մտածում է նորովի, ապա համակարգը կամ գնում է նրա հետևից՝ մտածելով, թե առանց մտածելու կամ չգնացողների հետևից գալիս է կամ ազատման, կամ ձերբակալման հրամանը, նայած, թե ինչ են անում չգնալուց բացի:
Սերժ Սարգսյանը խոսում է նորովի, նրա ելույթները նոր արժեքների մասին են, բայց դա ոչ միայն քիչ է, այլ խիստ անբավարար: Նորովի խոսելն արդեն զարմանալի չէ: Անհրաժեշտ են նորովի գործի օրինակներ, նոր մտածողության առարկայական դրսևորումներ: Ի՞նչ է արել այդ ուղղությամբ Սերժ Սարգսյանը: Ի՞նչ հիմնարար փոփոխություն է իրականացրել, որով ուղղակիորեն արմատական, շրջադարձային փոփոխություն կլիներ որևէ մի ոլորտում: Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ-երկու կադրային լուծում է իրականացրել, նշանակելով նոր մտածողության տպավորություն թողնող պաշտոնյաներ, որոնք, սակայն, իրենց գործունեության ընթացքում ընդամենը լրացրել են հնի շարքը` ուղղակի նոր փաթեթավորմամբ: Այդ ամենից հետո, ինչո՞ւ, ինչպե՞ս պետք է փոխվի ոստիկանի մտածողությունը: Ինչը՞ նրան պետք է մղի դրան, եթե երկրի բարձրագույն իշխանության խոսքից բացի, նա ոչ մի այլ օրինակ չի տեսնում, փոխարենը տեսնում է խոսքին հակասող բազմաթիվ գործեր: Սա իսկապես լուրջ խնդիր է թե՛ ոստիկանության, թե՛ հասարակական ամբողջ համալիրի իմաստով:
Իշխանությունը նույն կերպ սկսել է հաճախակի խոսել հասարակական մտածողության փոփոխության մասին` թե՛ ընտրությունների արդարության և ազատության, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ բռնության մշակույթի չեզոքացման իմաստով: Այդ ամենը ունեն իրական և լուրջ հիմքեր, և իսկապես բարձրացվում է լուրջ հարց: Բայց հանրային մտածողությունն ինքն իրեն չի ձևավորվում, երկնքից չի ընկնում, այլ գալիս է կյանքի նորմերի, կանոնների միջոցով, որ սահմանում են իշխող էլիտաները: Էլիտաներն են, որ կյանքի, համակեցության կանոնները սահմանելով, հանրությանը որոշակի դաստիարակություն են տալիս, ցույց են տալիս այն արժեքները, որոնց պահպանումը նպաստում է հանրային բարեկեցությանն ու պաշտպանությանը: Ի՞նչ է անում այդ առումով հայաստանյան «էլիտան». Հայաստանի «էլիտան» շարունակում է հովանավորել իշխանության ու հարստության տեր մարդկանց` պահպանելով խաղի այն բոլոր կանոնները, որ նրանց թույլ է տվել տարիներ շարունակ հարստանալ պետության ու հասարակության հաշվին, իսկ հաշիվ պահանջելու հանրային փորձերին էլ պատասխանել ուժով: Սա է խնդիրը, որից ածանցվում է թե՛ պետական կառույցների, թե՛ ամբողջ հասարակության մտածողությունը:
Իշխող «էլիտան», Սերժ Սարգսյանը պետք է ոչ թե ելույթներով կոչ անեն փոխել այդ մտածողությունը, այլ սկսեն փոփոխությունները անձամբ և իրենցից: Այդ դեպքում միայն դրանք կարող են գործնական կիրառում գտնել համակարգի այլ հատվածներում և լինել անշրջելի, այլապես որոշակի փոփոխություններ կլինեն մի քանի ամիս, իսկ հետո ամեն ինչ կվերադառնա ի շրջան յուր: Հետևաբար` ոստիկանությանը փոխելու համար Սերժ Սարգսյանը պետք է սկսի անձամբ փոխվել՝ գործով: Միևնույն ժամանակ, նա պետք է փոխի այն խնդիրները, որ դնում է պետական կառույցների առաջ իրական, ոչ թե հռետորաբանության ռեժիմում: Եթե Սերժ Սարգսյանը ունի փոփոխության անկեղծ ցանկություն, ապա այդ քայլերին այլընտրանք չկա: Եթե նա ունի մտավախություն, որ կտրուկ, դինամիկ քայլերի դեպքում համակարգը կդիմադրի ու իր դեմ դուրս կգա, ապա նույնը կլինի նաև հակառակի պարագայում, որովհետև համակարգը մի օր, ի վերջո, գլխի կընկնի, եթե իր դեմ որևէ տևական գործընթաց գնա: Սերժ Սարգսյանի խնդիրը հասարակական աջակցություն ստանալն է, եթե, իհարկե, անկեղծ է փոփոխելու ցանկությունը: Իսկ այդ դեպքում կտրուկ, արագ, օպերատիվ, դինամիկ քայլերը կարող են բերել այդ աջակցությունը, որովհետև հասարակությունը սպասելու ժամանակ և ցանկություն չունի, որովհետև ինքն է վճարում այդ ժամանակի համար, ընդ որում` շատ թանկ:





































