Ճապոնական Toyota Motor Corp ավտոընկերությունը 2012թ.-ի առաջին կիսամյակում վերանվաճել է աշխարհում ավտոարտադրող խոշորագույն ընկերության տիտղոսը: Այդ մասին այսօր հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:
Համաձայն հրապարակված տվյալների` այդ ընթացքում Toyota-ն վաճառել է 4,97 մլն ավտոմեքենա, ինչը 33,7%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Այսպիսով` ճապոնական ընկերությանը հաջողվել է գերազանցել ամերիկյան ավտոհսկայի` General Motors-ի ցուցանիշը, որի վաճառքը տարվա առաջին կեսին կազմել է 4,67 մլն ավտոմեքենա:
2011թ.-ին Toyota-ն General Motors-ին էր զիջել առաջատարի իր դիրքը` կապված արտադրության զանգվածային կրճատումների հետ, որն առաջացել էր Ճապոնիայում երկրաշարժի և ցունամիի, ինչպես նաև Թաիլանդում ուժեղ ջրհեղեղի հետևանքով: Այնուամենայնիվ, ճապոնական ավտոհսկան վստահ վերականգնում է իր դիրքերը: