Մի խումբ եվրոպացի գործարարներ բաց նամակով դիմել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին` մտահոգություն հայտնելով Ռուսաստանում օտարերկրյա բարձրակարգ մասնագետների կացության իրավունքի նոր կարգ սահմանելու մասին:
Այս նամակում նշվում է, որ, ընդունված օրենքի համաձայն, զգալի դժվարություններ են առաջանում օտարերկրյա մասնագետին գրանցելիս: Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը:
Այս փոփոխության արդյունքում ընկերությունը չի կարող օտարերկրյա աշխատակցին գրանցել իր ընկերության իրավաբանական հասցեում: Գրանցումն իրականացվում է օտարերկրացու փաստացի բնակության վայրում:
Նամակում նշվում է, որ այս դեպքում իրավիճակը զգալի բարդանում է, քանի որ վարձակալած բնակարանների սեփականատերերը շատ հաճախ հրաժարվում են որևէ այլ անձի գրանցել իրենց բնակարանում: Դրա արդյունքում կկրճատվի օտարերկրացիներին տրամադրվող բնակարանների քանակը, և գներն էլ կաճեն:
Գործարարները կոչ են արել դադարեցնել օրենքի կիրառությունը, մինչև համապատասխան փոփոխություններ կիրականացվեն:









































