Վաղ տարիքում երեխան պետք է հասկանա, որ ինքը մայրիկի փորիկից է դուրս եկել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հ/կ-ի անդամ Վրեժ Շահրամանյանը` խոսելով «Սեռակրթության արդի խնդիրները» թեմայով:
Նա նշեց, որ շնորհիվ զանազան հարցազրույցների, քննարկումների, հրապարակումների` նկատվում է դրական տեղաշարժ, առաջընթաց, մարդիկ հասկանում են սեռակրթության անհրաժեշտությունը: Ըստ սեքսապաթոլոգի` այցելուների հարցադրումներից հստակ զգացվում է, որ նրանք կաշկանդվում են հարցեր ուղղելիս:
Վրեժ Շահրամանյանի կարծիքով` լուծումն այն է, որ շարունակաբար տրվի անհրաժեշտ տեղեկատվություն, և մասնագետների մի խումբ անդրադառնա այս հարցերին: Նրա դիտարկումներով` բուհերում առաջին կուրսերում կարելի է ներմուծել դասընթաց, որպեսզի դեռահասները խնդիրներ չունենան և հասկանան, որ սեռական առողջությունն ամոթալի չէ:
«Ծնողը պետք է մտերմիկ զրույցներ վարի երեխայի հետ` սկսած 2-4 տարեկանից, երեխան պետք է հասկանա, որ մոր փորիկից է դուրս եկել: Օրինակ` արտասահմանում դա բացատրում են նկարներով` պարզ, մանկական, մուլտֆիլմերի նկարների միջոցով»,- մանրամասնեց սեքսապաթոլոգը:
Համատեղ ասուլիսի ընթացքում մանկապատանեկան հոգեբույժ Արթուր Պողոսյանը նկատեց, որ այս ուղղությամբ տեսակետները բազմաթիվ են: «Ջեյմս Պրեսկոտի տեսակետներն են հետաքրքիր: Դրանք հիմնականում ընդունված տեսակետներ չեն, բայց նա բնական զարգացման կողմնակիցն է: Երեխայի զարգացմանը համապատասխան` պատասխաններ պետք է տրվեն, կարևոր է, որ երեխան միշտ առանց կաշկանդվելու ցանկացած հարց ուղղի ծնողին, իսկ վերջինս էլ պետք է պատրաստ լինի` քննարկելու այդ հարցերը»,- մեկնաբանեց մասնագետը: Նրա կարծիքով` տարօրինակն այն կլինի, որ երեխան հարցեր չտա, որովհետև նրանք շատ հետաքրքրասեր են, և պետք է նրանց հարցերը ստանան պատասխաններ:








































