Սանիտարական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործադուլը կաթվածահար է արել բրազիլական նավահանգիստների աշխատանքը: Agence France-Presse-ի հաղորդմամբ` հենց այդ նավահանգիստներով է իրականացվում երկրից արտահանումների 90 տոկոսը: Գործադուլավորները պահանջում են աշխատավարձերի 25 տոկոսով բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում:
Սանիտարական ծառայությունը դադարել է փաստաթղթեր տրամադրել, առանց որոնց հնարավոր չէ նավերի բեռնումն ու բեռնաթափումը:
Արհմիության տվյալներով` աշխատանքն է դադարեցրել Սանիտարական վերահսկողության գործակալության աշխատակիցների 70 տոկոսը: Գործադուլը խաթարել է ոչ միայն նավահանգիստների, այլև օդանավակայանների աշխատանքը: Գործադուլ են հայտարարել նաև էլեկտրական, նավթային, լեռնաարդյունահանման ոլորտների և քաղավիացիայի աշխատակիցները:











































