ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներսում քննարկվում է մարտիմեկյան դեպքերն ԱԺ օրակարգում պահելու հարցը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «Ժառանգություն»-ը նպատակ չունի՞ արդյոք Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ լսումներ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալ:
«Բոլորն էլ համաձայն են, որ Մարտի 1-ի հարցը փակված չէ այն պարզ պատճառով, որ հանցագործությունը բացահայտված չէ, իսկ հանցագործները ազատության մեջ են: Քննարկումներն ընթանում են, բայց թե ինչ ձևաչափով կանդրադառնանք դրան, երևի ավելի պարզ կլինի սեպտեմբերից: Իսկ այն, որ պիտի անդրադառնանք, կարծում եմ՝ դրանում որևէ մեկը չի կասկածում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հարցին, թե այսինքն չի՞ բացառվում, որ «Ժառանգություն»-ը լսումներ կազմակերպելու առաջարկ կանի, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Առաջնորդվենք այն սկզբունքով, որ քաղաքականության մեջ ոչինչ չպետք է բացառել»:







































