Ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը երեկ հայտարարությամբ է հանդես եկել` շնորհավորելով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ, որոնք նա որակում է ազատ և արդար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Անցած հինգշաբթի Արցախի ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր` ընտրելու նոր նախագահ, ինչը լայնորեն լուսաբանվեց՝ որպես ազատ և արդար ընտրություն։ Ես շնորհավորանքներս եմ հղում նախագահ Բակո Սահակյանին և նրան ու Լեռնային Ղարաբաղին մաղթում շարունակել դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը», – ասված է, մասնավորապես, հայտարարությունում, որը տարածել է դեմոկրատ կոնգրեսականի գրասենյակը։
«Ազատությանը և ժողովրդավարությանն իր շարունակական նվիրվածությամբ` չնայած ավելի մեծ, ավելի հարուստ և ոչ ժողովրդավարական հարևանի կողմից բռնության և սպառնալիքների երկու տասնամյակներին, Արցախի ժողովուրդը հիշեցրեց աշխարհին ներկայացուցչական կառավարմանը իր նվիրվածության մասին։ Նրա գործը մեր գործն է, և նա կշարունակի վայելել իմ ամենաուժեղ աջակցությունը», – հայտարարել է Ադամ Շիֆը։






































