Հայաստանում փոխանակ բանտում հայտնվեն օրինախախտության բոլոր հնարավոր ձևերով հարստացող օլիգարխներն ու պաշտոնյաները՝ կենցաղային խաբեությունից մինչև մարդասպանություն գործած կամ պատվիրած, բանտում են հայտնվում այն երիտասարդները, որոնք պայքարում են Հայաստանում օրենքի իշխանության, իրավունքի գերակայության, ազատության և արդարության համար: Եվ այդ ամենը Հայաստանը բարեփոխելու, արդիականացնելու իշխանական ճառերի ներքո, նոր որակի իշխանություն, նոր մտածողություն, աշխարհին համարժեք քայլելու իշխանական հավաստիացումների ներքո:
Աշխարհում այսօր երիտասարդներին չեն բանտարկում, այն էլ` ակտիվ, իրավունքի համար պայքարող երիտասարդներին, որովհետև դա կլինի իշխանության վերջը կամ վերջի սկիզբը: Աշխարհի որևէ նորմալ պետությունում իշխանությունը չի բանտարկի հասարակական ակտիվիստին, այն էլ` հնարովի կամ ճոխացրած, ուռճացրած մեղադրանքով, որովհետև հասարակությունը չի ների այդ իշխանությանը: Հասարակությունը չի ների, որովհետև այդ բանտարկության մեջ կտեսնի իր դեմ ոտնձգություն:
Այլ է Հայաստանի հասարակությունը: Այստեղ կան էական խնդիրներ: Ու անկասկած է, որ իշխանության ամենաթողությունը գալիս է հենց այդ խնդիրներից, որովհետև եթե իշխող վարչակարգը գիտենա, վստահ լինի, որ բանտարկելով երիտասարդ ակտիվիստներին ուղղակիորեն հանրային մեծ ալիք է առաջացնելու, հանրային զայրույթ է հրահրելու իր դեմ` չի գնա այդ քայլին, այն էլ` նախագահական ընտրություններից առաջ: Իսկ որ դատարանի որոշումը ոչ թե անկախ դատական համակարգի, այլ իշխանության կենտրոնի որոշում է, թերևս կասկած չկա, առնվազն քանի դեռ գործ ունենք, մեղմ ասած, անհամարժեք որոշման հետ և քանի դեռ իշխանության որևէ անդամ, որևէ կառույց հանդես չի եկել դատարանի որոշման առիթով հակառակ գնահատականով: Իսկ ընդհանրապես, Հայաստանում որևէ բանական մարդու համար վաղուց արդեն գաղտնիք չէ, որ դատական այդօրինակ որոշումները կայացվում են քաղաքական հավանության ներքո, և որևէ դատավոր չի գնա այնպիսի մի քայլի, որը իշխանությանը կարող է դնել, մեղմ ասած, աննպաստ թե ներքին, թե արտաքին իրավիճակի մեջ:
Իսկ ի՞նչն է հասարակության խնդիրն այստեղ: Կոնգրեսի ակտիվիստների դեմ դատավճիռը հերթական զայրույթի ալիքն է բարձրացրել քաղաքականապես և քաղաքացիականապես ակտիվ հանրույթի մոտ: Ընդ որում` դժգոհություն են արտահայտում թե՛ Կոնգրեսի քաղաքական կուրսի համակիրները, թե՛ նաև ուժեր ու անհատներ, որոնք վաղուց ի վեր հանդիսանում են այդ կուրսի ընդդիմախոսը: Ի վերջո, այստեղ խնդիրը քաղաքական կուրսը չէ, այլ անարդարությունը, որին զոհ է դառնում չորս երիտասարդ: Հետևաբար, անկախ քաղաքական տարակարծություններից, քաղաքացիական հանրույթի խնդիրն է պայքարել անարդարության դրսևորումների դեմ, եթե անգամ վաղը այդ նույն երիտասարդների հետ հայտնվելու են քաղաքական տարբեր ճամբարներում և սուր դիմակայության մեջ են լինելու միմյանց հետ: Այստեղ խնդիրը սկզբունքն է, և ամեն քաղաքացի պետք է վեր կանգնի ամեն ինչից և առաջնորդվի սկզբունքով: Սակայն այդ առումով խնդիր կա և գուցե ոչ մեծ ծավալով, բայց քաղաքական տարակարծությունները կամ այլ հանգամանքներ որոշակիորեն դեր են խաղում անարդարության ներկայիս օրինակի դեմ առավել լայն հանրային կոալիցիա կազմելու հարցում: Դա մի խնդիր է, որից օգտվում է իշխանությունը: Ընդ որում` այդ խնդիրը առաջին անգամ չէ, որ դրսևորվում է: Այդ խնդիրը դրսևորվել է այլ ակցիաների, հարցերի բարձրացման ժամանակ էլ, և այդ թվում` նաև Հայ ազգային կոնգրեսի շատ համակիրների միջոցով, որոնք ներկայումս կոչ են անում հանուն սկզբունքի մի կողմ թողնել տարաձայնությունները և պաշտպանել երիտասարդներին, սակայն հենց իրենք են տարբեր հարցերում ընկել անձնական կամ կուսակցական շահերի ցանցն ու սկզբունքի համար միանալու փոխարեն, սկսել են պարզապես վարկաբեկել այս կամ այն քաղաքացիական նախաձեռնությունը:
Մյուս խնդիրը հասարակական անտարբերությունն է: Հայաստանում ձևավորվել է, այսպես ասած, քաղաքացիական արագ արձագանքման ինքնաբուխ հատված, որը ամեն տեղ առաջինն է, ամեն անիրավության, ապօրինության, անարդարության դեմ կանգնած է անմիջապես, միշտ, հետևողական: Սակայն այդ ակտիվ հատվածը չափազանց փոքր է իշխանությանը լայնածավալ դիմադրություն ցույց տալու և կամայականությունները կանխելու համար: Այդ ակտիվ հանրույթը արդեն իսկ բաժանված է մի քանի տեղ, մի քանի ուղղությամբ, մի քանի հարցով: Անդամներից մի քանիսը միաժամանակ մի քանի ակցիայի են վազում, նաև շատերն իրենց համակրած քաղաքական ուժի նախաձեռնություններին աջակցում: Եվ քանի որ այդ ակտիվ հանրույթի տեսակարար կշիռը հասարակության շրջանում փոքր է, որքան էլ ակտիվիստները ցուցաբերում են մեծ նվիրվածություն և խանդավառություն, նրանք պարզապես ֆիզիկապես չեն հասցնում կանգնել իշխանության դեմ ամբողջ ճակատով: Իսկ իշխանությունն էլ կարծես թե հասկանալով այդ խնդիրը` հնարավորինս նոր ճակատներ է բացում, և Կոնգրեսի երիտասարդների դեմ դատավճիռը կարծես թե նաև այդ հաշվարկներից էր:
Ներկայումս ակտիվ հասարակությունը ձեռնամուխ է եղել «Հարսնաքարի» ողբերգության լիարժեք բացահայտման գործին, պայքարում է այն մոռացության չտալու համար: Միևնույն ժամանակ, կան վաղուց նախաձեռնված տարբեր իրավական և բնապահպանական հասարակական գործընթացներ: Ահա դրանց ավելանում է նորը, որը հասարակությունից նոր ուժեր, նոր ժամանակ և եռանդ է պահանջելու երիտասարդներին պաշտպանելու համար: Չհետապնդել այդ խնդիրը` ուղղակի կլինի իշխանության կամայականության հանցավոր մեղսակցություն: Միևնույն ժամանակ, հանրության առաջ բացվում է մի նոր ճակատ, և հասարակությունը բախվում է այդ անտարբեր շրջանակների խնդրին: Մինչդեռ ռեսուրս ակնհայտ կա, կա ընդլայնվելու, հանրային ակտիվությունը, քաղաքացիականությունը ավելացնելու ռեսուրս: Պարզապես հարկավոր է, որ հնարավորինս շատ շրջանակներ գիտակցեն, որ Հայաստանում, ուր իշխում է հակասահմանադրականությունը, չկա մասնավոր խնդիր՝ բոլոր խնդիրները հանրային են, քանի որ կարող են այսօր, վաղը կամ մի քանի օր անց անմիջականորեն առնչվել հենց քեզ, քո հարազատին, բարեկամին, որդուն: Այդ ամենի պաշտպանությունը Սահմանադրությունն է, որը չի գործում: Հետևաբար` պաշտպանված չէ ոչ ոք:
Այդ պարզ իրողությունը պետք է հնարավորինս ինտենսիվ կերպով հասցնել հասարակական ավելի ու ավելի լայն շրջանակների: Մյուս կողմից` պետք է ընդունել նաև, որ այդ ռեսուրսի օգտագործմանը խոչընդոտում է կուսակցականությունը: Այսինքն` կուսակցությունները մտնում են այդ ամենի մեջ իրենց քաղաքական շահով և վանում են հանրության այն հատվածին, որը պատրաստ է միանալ արժեքների շարժմանը, սակայն խուսանավում է կուսակցական անվանումներից և լիդերային անուններից: Այդ ամենը Հայաստանում ընդունվում է սվիններով հենց նույն կուսակցությունների և կուսակցականների շրջանում: Մինչդեռ դա իսկապես լուրջ խնդիրներից մեկն է, որը ոչ թե իշխանությունն է դրել հասարակության դեմ, այլ կուսակցություններն իրենք: Իշխանությունն օգտվում է դրանից` ժամանակ առ ժամանակ տարբեր հնարքներով ու սադրանքներով գեներացնելով կուսակցական շահը, հատկապես երբ նկատելի է լինում, որ քաղաքացիական, արժեքային, կուսակցականազերծ նախաձեռնությունները սկսում են դառնալ բավական ընդգրկուն, ազդեցիկ և արդյունավետ:









































