«Գյուղերում բիոզուգարանները կխթանեն գյուղատնտեսությունը»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը`խոսելով «Բիոզուգարանների և հասարակական զուգարանների տեղադրման անհրաժեշտությունը» թեմայի շրջանակներում:
Վերջինս տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունում ընդգրկված են տարբեր մասնագիտության բժիշկներ, հիգիենիստներ, էկոլոգներ, ովքեր զբաղվում են այն բոլոր հարցերով, որոնք կարող են անդրադառնալ մարդու առողջությանը:
Ըստ նրա՝ քանի որ զուգարանների տեղադրումը, օգտագործումը մեծ նշանակություն ունեն մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, աշխատելով դրամաշնորհներով` ընտրում են այնպիսի գյուղեր, որտեղ չկան կոյուղագծեր, և առկա են խնդիրներ` կապված զուգարանների հետ:
«Աշխատում ենք այդպիսի երեք գյուղերում ՝ Ֆանտա, Հայանիստ, Խաչփար, որտեղ կառուցվել են թվով 30 բիոզուգարաններ»,- մանրամասնեց բանախոսը՝ հավելելով, որ յուրաքանչյուր զուգարանի կառուցումն արժե մոտավորապես 3000 ԱՄՆ դոլար:
Նրա խոսքով՝ բոլոր զուգարանների կառուցման գումարի 15%-ը վճարել են գյուղացիները: Նրա խոսքով` այդ զուգարաններում մեզի և կղանքի համար տարբեր զուգարանակոնքեր են կառուցվել: Ինչպես տեղեկացրեց Լ. Սիմոնյանը, մեզը և կղանքը որոշ ժամանակ պահվում են` հետագայում որպես պարարտանյութ օգտագործելու նպատակով: Նա նաև ասաց, որ գյուղերի դպրոցներում են կառուցվել նման զուգարաններ` զուգարանակոնքի մոտ դրված փայտի թեփով, որը լցվում է կղանքի վրա գարշահոտությունը վերացնելու նպատակով:
Լիլիկ Սիմոնյանի կարծիքով՝ քաղաքում այսպիսի զուգարաններ տեղադրելը նպատակահարմար չէ. քաղաքում ճիշտ է կոյուղացված զուգարանների տեղադրումը:









































