Լիբանանում անհայտ անձինք առևանգել են մի խումբ սիրիացի ընդդիմադիրներ՝ նրանց 11 լիբանանցի պատանդների հետ փոխանակելու համար: Այս մասին հաղորդում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Առևանգման համար պատասխանատվություն է ստանձնել «Սարայա Ալ-Մուխթար Ալ-Սակաֆիյ» խմբավորումը: Առևանգված սիրիացի ընդդիմադիրների թիվը չի հաղորդվում:
Իրանից Սիրիայի տարածքով հայրենիք վերադարձող ուխտավորներն առևանգվել են մայիսի 22-ին երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի մոտ: Ուխտավորների առևանգման համար պատասխանատվությունը ստանձնել էր նախկինում անհայտ «Հալեպ մարզի սիրիացի հեղափոխականներ» խմբավորումը:
Մայիսի վերջերին առևանգողները հայտարարեցին, որ լիբանացիներին ազատելու շուրջ բանակցություններ կվարեն միայն Սիրիայի նախագահին աջակցող շեյխ Հասան Նասրալլահի՝ «Հըզբոլլահի» առաջնորդի պաշտոնապես ներողություն խնդրելուց հետո:
Երեկ լիբանանցի ուխտավորներին առևանգողները խստացրել են իրենց դիրքորշումը՝ հայտարարելով, որ պատանդներին ազատ կարձակեն միայն Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականից հետո:







































