Կոլորադոյում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ հրաձգություն իրականացրած 24-ամյա Ջեյմս Հոլմսի ծնողները շարունակում են աջակցել իրենց որդուն: Այս մասին հաղորդում է Ria Novostri-ն` հղում անելով հանցագործի ընտանիքի փաստաբան Լայզա Դամիանիին:
Անցած հինգշաբթի Ավրորա քաղաքի կինոթատրոնում «Մութ ասպետը. լեգենդի վերածնունդ» ֆիլմի սկսվելուց կարճ ժամանակ անց նա պահուստային ելքով` հակագազով ներխուժել էր դահլիճ, արցունքաբեր գազով նռնակներ նետել, որից հետո կրակ բացել հանդիսատեսի ուղղությամբ: Սպանվել էր 12 մարդ, վիրավորվել 58-ը: Ոստիկաններին հաջողվել էր հանցագործին անմիջապես ձերբակալել:
«Նրանք աջակցում են Հոլմսին,քանի որ նա նրանց որդին է: Հոլմսի ծնողների սիրտը զոհվածների և նրանց հարազատների հետ է»,- հայտարարել է Դամիանին:
Փաստաբանը հրաժարվել է պատասխանել Հոլմսի և նրա ծնողների փոխհարաբերություններին վերաբերող լրագրողների հարցին:
Նախօրեին Հոլմսը դատարանի առջև էր կանգնել: Լսումներից հետո Կոլորադոյի շրջանային դատախազ Քերոլ Չեմբերսը լրագրողներին հայտնել էր, որ պատժամիջոցի մասին որոշումը դատախազությունը հրաձիգի դեմ կկայացնի հանցագործության զոհերի հարազատների հետ բանակցելուց հետո: Հոլմսի նկատմամբ լայնամասշտաբ դատական գործընթացը կսկսվի մեկ տարուց ոչ շուտ: Հավանաբար, նրա դեմ պաշտոնական մեղադրանք կառաջադրվի հուլիսի 30-ին:











































