«Քաղաքական ամառվա այս տաղտկալի շրջանում քաղաքական դաշտը փոթորկվեց Գյումրվա Վարղանիկի տապալումն ազդարարող լուրից: Գյումրիից տագնապալի լուրեր են գալիս, թե Ղուկասյանների ընտանիքը ռմբակոծում է քաղաքը: Կրակահերթ են բացում քաղաքում՝ սպառնալով նորաթուխ քաղաքապետացուին՝ Սամվել Բալասանյանին, ով թեև կառուցողական ընդդիմություն ԲՀԿ-ից է, սակայն քաղաքապետ առաջադրվելու հարցում Սերժ Սարգսյանի «դաբրոն» ստացել է»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Ինչ վերաբերում է կրակոցներով սպառնալիքներին, ոստիկանությունից ասացին, թե տեղեկատվությունն ուսումնասիրում են: Ակնհայտ է, որ ընտրությունները թեժ են լինելու: Փորձեցինք պարզել, թե
մյուս կուսակցությունները թեկնածուներ ունենալո՞ւ են Գյումրիում: «ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Կուսակցության ներսում, ինչպես նաև տեղական կառույցում քննարկում ենք հարցը, բայց դեռ վերջնական որոշում չկա, երբ որ ունենանք, կհրապարակենք՝ կիմանաք»:
Եթե «ժառանգությունում» այս հարցի քն-նարկումը գոնե սկսվել է, ապա ԲՀԿ-ի ռազմավարական դաշնակիցներ ՀՅԴ-ում և Հայ ազգային կոնգրեսում այն չի էլ քննարկվում: Ամեն դեպքում, ՀՅԴ ԳԱ անդամ Սպարտակ Սեյրանյանը մեզ այդպես ասաց: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է սատարեն Բալասանյանին, Սեյրանյանը կրկնեց նույն պատասխանը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը ևս հավաստիացրեց, որ որևէ քննարկում չեն սկսել. «Երբ որ մենք կամփոփենք քննարկումները և կկայացնենք որոշում, այդ մասին տեղյակ կպահենք հասարակությանը»:
Ըստ Մուսինյանի՝ Բալասանյանին պաշտպանելու հարցն էլ չի շոշափվել: Պարզվում է՝ իշխող կուսակցությունում ևս հստակ որոշում չկա: Գալուստ Սահակյանը փորձում էր վստահեցնել, թե իրենք անգամ թեկնածուի առաջադրվելու հարց չեն քննարկում, մինչդեռ, շրջանառվող լուրերի համաձայն,Սամվել Բալասանյանն արդեն ստացել է Սերժ Սարգսյանի «դաբրոն» և ինքն էլ կդառնա Վարդան Ղուկասյանի իրավահաջորդը»:











































