Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Սիրիայում բռնության դադարեցումը երկրում ճգնաժամի կարգավորման գլխավոր խնդիրներից մեկն է, որտեղ մեկ տարուց ավելի է, ինչ չեն դադարում անկարգություններն ու բռնությունը:
«Մենք գտնում ենք, որ գործողությունների հաջորդականությունը հետևյալը պետք է լինի` բռնության դադարեցում, բանակցություններ, լուծման որոշում, ապագա հասարակության սահմանադրական հիմքերի որոշում և դրանից հետո միայն հիմնավոր փոփոխություններ, այլ ոչ թե հակառակը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ բանակցություններից հետո:
«Սիրիայի գործող իշխանությունները, ինչպես նաև ընդդիմությունը, պետք է իրենց մեջ ուժ գտնեն, որպեսզի կազմակերպեն բանակցային գործընթացը երկրի ապագայի վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալու համար»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Սիրիայում դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումը ցույց է տալիս, որ կառուցողական համագործակցություն ունենալը հնարավոր է:











































