ՌԴ կառավարությունը «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռների մոդեռնացման համար կհատկացնի 24 մլրդ ռուբլի: Interfax գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա խոսքով` այդ միջոցները նախատեսված են դաշնային նպատակադրված ծրագրով, դրանք կստանան 17 ռուսական ձեռնարկություններ՝ ներառյալ «Իսկանդեր» արտադրողները:
Բացի այդ` հենց ձեռնարկությունները մոդեռնիզացիայի վրա կծախսեն ևս 16 մլրդ ռուբլի:
Մեդվեդևի խոսքով` ֆինանսավորման նմանատիպ սկզբունք պետք է կիրառվի «գործընկերության հիման վրա արտադրության մշտական նորացման մեխանիզմի հիմքում»:
Ներկայում ՌԴ կառավարությունը զբաղվում է պաշտպանաարդյունաբերական համալիրի մոդեռնիզացիայի ծրագրի իրագործմամբ:
Ընդհանուր առմամբ` պաշտպանության ոլորտի մոդեռնիզացման վրա մինչև 2012թ. նախատեսվում է ծախսել 3 տրլն ռուբլի:
«Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերը պետք է ընկած լինեն Ռուսաստանի ցամաքային զորքերի հրթիռային խմբավորման հիմքում:
Համաձայն պետական սպառազինությունների ծրագրի` մինչև 2020թ. զորքերը նախատեսվում է համալրել 120 նոր հրթիռային համալիրներով:









































