Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շտաբը կուսակցության նախագահ և երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանին առաջարկել է 2014 թվականի մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններն անցկացնել նախատեսված ժամկետից 6 ամիս առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերին:
Նշվում է, որ Էրդողանը «կանաչ լույս է վառել» դրա առջև: Այդ նպատակով պետք է իրականացվեն սահմանադրական ժամանակավոր ուղղումներ: Սակայն խորհրդարանում ներկայացված հիմնական ընդդիմադիր ուժերը՝ Ժողովրդա-հանրապետական (ԺՀԿ) ու «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունները բացասաբար են մոտենում ՏԻՄ ընտրությունները վաղաժամ անցկացնելուն:
Եթե ՏԻՄ ընտրությունները տեղի ունենան վաղաժամ, ապա դա կնշանակի, որ հաջորդ երեք տարիներին Թուրքիայում անընդմեջ անցկացվելու են ընտրություններ. 2013 թվականի հոկտեմբերին՝ ՏԻՄ ընտրություններ, 2014 թվականի օգոստոսին՝ նախագահական ընտրություններ և 2015 թվականի հունիսին՝ խորհրդարանական ընտրություններ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Էրդողանը հրահանգել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում ամեն գնով հաղթանակ տանել քրդաբնակ Դիարբեքիրի, Վանի և Մարդինի նահանգներում: ԱԶԿ-ի պլանի համաձայն` Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը կարող է դառնալ Ստամբուլի, փոխվարչապետ Ալի Բաբաջանը` Անկարայի, տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը` Իզմիրի, էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը` Քայսերիի, սպորտի նախարար Սուաթ Քըլըչը` Սամսունի, ընտանեկան նախարար Ֆաթմա Շահինը` Գազիանթեփի քաղաքապետ:
Բացի այդ, ներկայումս Թուրքիայի կառավարությունը պատրաստել է նոր նախագիծ, որով նախատեսվում է մեծ քաղաքների համար անցում կատարել ղեկավարման մի նոր մոդելի: Դրա համաձայն` ներկայիս 16 մեծ քաղաքներին գումարվելու են 13 նորաստեղծ մեծ քաղաքներ, որոնք պետք է ունենան առնվազն 750,000 բնակչություն (Մուղլա, Հաթայ, Մանիսա, Դենիզլի, Շանլըուրֆա, Բալըքեսիր, Քահրամանմարաշ, Վան, Այդըն, Թեքիրդաղ, Մարդին, Մալաթիա, Տրապիզոն), որով և դրանց թիվը հասնելու է 29-ի: Մեծ քաղաքների սահմանները հավասարեցվելու են նահանգների սահմաններին, իսկ նահանգի քաղաքները «վերածվելու» են մեծ քաղաքի թաղամասերի: Այդ մեծ քաղաքներում էլ կիրառվելու է ղեկավարման «սուպեր համակարգ», որը ղեկավարելու են «սուպեր նախագահները»:







































