Գերմանիայի, Կանադայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Ճապոնիայի և Դանիայի ավելի քան 110 Սանտա Կլաուսները հավաքվել են Դանիայում, որտեղ այսօր մեկնարկել է Սանտա Կլաուսների ամենամյա կոնգրեսը: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը: Միջազգային ֆորումը այսօր 55-րդ անգամ բացվել է աշխարհի հնագույն «Բակեն» պարկում, որը գտնվում է Կոպենհագենի 15 կմ հյուսիս:
Կոնգրեսի ծրագիրն ընդգրկում է Կոպենհագենի փողոցներով հանդիսավոր երթ, սառը բալթյան ջրում ավանդական ոտնլվա և մայրաքաղաքի քաղաքապետարանում ընդունելություն: Օլիմպիադայի նախաշեմին նրանք կմասնակցեն հեծանվավազքի,և քանի որ հիմա ամառային արձակուրդներ են, նրանք երեխաների համար այգում կանցկացնեն մրցույթներ:
Կոնգրեսի օրակարգում այնպիսի հարցեր են, ինչպիսիք են Սուրբ Ծննդյան և Նոր տարվա պաշտոնական ամսաթվի որոշումը, ծխնելույզների տրամագծի ճիշտ հաշվարկը, ինչպես նաև եղնիկների կայանման հարմարավետ կանոնների մշակումը: Սպասվում է, որ կկայանա Գրենլանդիաի և Ֆինլանդիայի միջև ավանդական քննարկումների հերթական ռաունդը: Քննարկումներն այն մասին են, թե որտեղ է գտնվում Սանտա Կլաուսի պատմական հայրենիքը՝ Դանիական թագավորության մեջ մտնող աշխարհի ամենամեծ կղզո՞ւմ, թե՞ ֆիննական Լապլանդիայում:
Սանտա Կլաուսների կոնգրեսը Կոպենհագենում անցկացվում է 1957 թվականից: Գաղափարն առաջ է քաշել դանիական կրկեսի արտիստներից մեկը՝ պրոֆեսոր Տրիբինին: Ենթադրվում է, որ ձմեռային հագուստով հրաշագործ ծերունիների հանդիպումը նշանակվել է հուլիսին, քանի որ դանիական Սանտա Կլաուսի անունը Յուլեմանդ է:
«Բակեն» այգու տնօրինության և Սանտաների դանիական ասոցիացիայի կողմից կազմակերպված քառօրյա ֆորումի ավարտին կնշանակվի 2012 թվականի պատվավոր Սանտա Կլաուսը:









































