Իշխանական համակարգում կարծես թե կայացվել է Գյումրիի «բազմաչարչար» քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հեռացնելու քաղաքական որոշումը: Դժվար է միարժեք ասել, թե ինչն է եղել դրա շարժառիթը՝ Գյումրին Ղուկասյանի «լծից» ազատելու անհրաժեշտությո՞ւնը` դրանով փորձելով քարոզչական դիվիդենտ շահել նախագահի ընտրությունից առաջ, թե՞ պարզապես Ղուկասյանն այլևս անկենսունակ է ՀՀԿ շահը սպասարկելու հարցում և նրան պատժում են խորհրդարանի ընտրությանը Գյումրիում ՀՀԿ հաղթանակ ապահովել չկարողանալու և ԲՀԿ-ին զիջելու համար: Գուցե գործ ունենք երկու շարժառիթի հետ էլ, և գուցե կան նաև այլ շարժառիթներ:
Հետաքրքրական է այստեղ իրողության մեկ այլ ասպեկտ՝ ինչպես, ինչով կամ ումով են հեռացնում Վարդան Ղուկասյանին: Փաստորեն դա արվում է ԲՀԿ միջոցով, որի թեկնածու Սամվել Բալասանյանը ստացել է նաև նախագահի նստավայրի հավանությունը: Այս հանգամանքը փաստացի դառնում է իշխանական համակարգում ԲՀԿ բավական ուշագրավ դերի հետաքրքրական դրսևորում: Կասկած չկա, որ ԲՀԿ ազդեցությունը Սերժ Սարգսյանի համար լուրջ փաստարկ է եղել Վարդան Ղուկասյանի դեմ: Եվ թերևս չի բացառվում, որ դա մի օրինակ է, թե ինչպես կարող է ԲՀԿ-ն Սարգսյանի համար փաստարկ լինել համակարգի այլ «օդիոզ» կերպարների կամ ՀՀԿ համակարգի դեմ ընդհանրապես:
Այստեղ խոսքն այն մասին չէ, որ ԲՀԿ-ն դարձել է Սերժ Սարգսյանի այդօրինակ խամաճիկը: Դա կլիներ նույնքան պարզունակ գնահատական, որքան պարզունակ են ԲՀԿ-ՀՀԿ հակասության միմյանց դեմ թրերով դուրս գալու մակարդակով չափումերը: ԲՀԿ-ն իշխանական համակարգում ազդեցիկ ուժ է, և Սերժ Սարգսյանն անկասկած շատ հարցերում ստիպված է հաշվի նստել այդ ուժի հետ: Եվ Գյումրիի պարագան, թերևս, հենց այդ հարցերից մեկն է: Ճանաչելով ԲՀԿ ազդեցության իրավունքը` Սերժ Սարգսյանը, ըստ էության, ԲՀԿ-ին ճանաչել է տալիս իշխանության իր իրավունքը` ներկայանալով որպես «արբիտր»: «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ հենց այդ հանգամանքն է մատնանշել` որպես Ռոբերտ Քոչարյանի նախագահության առավելություն:
Ներկայումս Սերժ Սարգսյանը, թերևս, փորձում է որոշակիորեն բավարարել Գագիկ Ծառուկյանի այդ պահանջը, միևնույն ժամանակ նաև ԲՀԿ-ի դիրքը ծառայեցնելով իր պահանջների բավարարմանը: Իսկ Սերժ Սարգսյանի «պահանջների» մեջ, բնականաբար, մտնում է ՀՀԿ-ի քրեականացված և օլիգարխացված շրջանակներին որոշակիորեն զսպելը, իսկ որոշ դեպքերում էլ ինչ-որ չափով, թեկուզ ցուցադրաբար հետ մղելը: Մինչդեռ անգամ ցուցադրական պատժի այդ շրջանակները հազիվ թե գնան հոժարակամ, որովհետև երբեք վստահ չեն, որ Հայաստանի հեղհեղուկ և անորոշ քաղաքական իրավիճակում ցուցադրականը մեկ ակնթարթում չի դառնա ճակատագրական: «Բարգավաճ Հայաստանի» ազդեցությունն այդ պարագայում Սերժ Սարգսյանի համար դառնում է ՀՀԿ այդ շրջանակների վրա ազդելու լավ մեխանիզմ: Դա ամենևին չի նշանակում, որ ԲՀԿ-ն զբաղված է Սերժ Սարգսյանի PR-ով, ինչպես պարզունակորեն լինում է այդ դեպքերի հանրային ընկալման մի զգալի մասի պարագայում: ԲՀԿ-ն հետապնդում է իր շահը: Պարզապես որոշ դրվագներում այդ շահը զգալիորեն համընկնում է Սերժ Սարգսյանի շահին, և ԲՀԿ-ն գերադասում է մաքսիմալիստական պահանջներով վտանգավոր և գուցե ճակատագրական առճակատման գնալու փոխարեն գնալ փոխզիջումների ճանապարհով և վերցնել հնարավորը: Հակառակ պարագայում, դնելով շատ ավելի լայն պահանջներ, «Բարգավաճ Հայաստանը» կարող է փաստացի ազատել Սերժ Սարգսյանի ձեռքերն ու այսպես ասած` ներհամակարգային իմաստով լեգիտիմացնել նրա քայլերը ԲՀԿ-ին վերջնականապես ոչնչացնելու համար:
Բանն այն է, որ որքան էլ Հայ ազգային կոնգրեսը քաղաքագիտական վերլուծություններ իրականացնի, իշխանական համակարգը շարունակում է ապրել իր «քաղաքագիտությամբ»: Իսկ այդ քաղաքագիտության բոլոր կանոններով «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է մնալ իշխող համակարգի կարևոր բաղկացուցիչներից մեկը, անգամ ՀՀԿ հետ բազմաթիվ հակասությունների պարագայում: Ի վերջո, ՀՀԿ ներսում ինքնին կան շատ ավելի լուրջ հակասություններ, քան ԲՀԿ-ՀՀԿ հակասությունը, բայց որևէ մեկը ՀՀԿ որևէ մի թևի դուրս չի դնում իշխող համակարգից: Առավել ևս, որ «Բարգավաճ Հայաստանն» ինքն էլ իրեն համակարգից դուրս չի դնում:
Հետևաբար` համակարգի դեմ լայնածավալ ընդվզման և պահանջների պարագայում, «Բարգավաճ Հայաստանին» կսպառնա «դավաճան» պիտակումը, և այդ դեպքում արդեն ամբողջ համակարգը ինքնապահպանության բնազդով կաջակցի Սերժ Սարգսյանին, ով կհայտարարի, որ ԲՀԿ-ն պառակտիչ գործունեություն է ծավալում և ներկայացնում համակարգը քանդելուն միտված պահանջներ, ինչի համար պետք է այդ ուժը չեզոքացվի մինչև ուղն ու ծուծը: Ներկայումս Սերժ Սարգսյանն ի զորու չէ նման բան անել, որովհետև «Բարգավաճ Հայաստանը» խաղում է համակարգի «քաղաքագիտության» բոլոր կանոններին հավատարիմ, իսկ շեղումներ էլ թույլ է տալիս այնքան, որքան թույլատրված է նույն այդ կանոնների «պրիամբուլայում»: Ավելին` այդ պայմաններում արդեն Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին ՀՀԿ որոշ շրջանակների դեմ օգտագործելով է լեգիտիմացնում իր գործողությունը, ասենք` ներկայացնելով այնպես, որ եթե որևէ մեկը համաձայն չէ հաշվի առնել ԲՀԿ ուժն ու հարկ եղած դեպքում չգնալ փոխզիջման հանուն համակարգային «կանոնակարգի», ապա հենց այդ մեկն է դառնում արդեն պառակտիչ կամ քայքայիչ համակարգային տարր: Իսկ դա նշանակում է, որ այդ տարրի չենթարկվելու կամ լրջորեն ընդդիմանալու պարագայում, համակարգային իմաստով լեգիտիմ կողմը դառնում է Սերժ Սարգսյանը:
Ահա, թերևս, այն «հմայքներից» մեկը, որ իշխող դասի և մասնավորապես Սերժ Սարգսյանի համար ունի իշխանության ապամոնոլիտ երկբևեռ համակարգը ներկայումս` գոնե այն տեսքով և բովանդակությամբ, որ կա այժմ:
Լուսանկարը՝ Ալեքսեյ Մանուկյանի









































