Սիրիական իշխանությունները կիրակի օրը Արևմուտքին և նրանց արաբական դաշնակիցներին մեղադրել են սիրիական պետական արբանյակային հեռուստաալիքները զավթելու ծրագրերի համար, որոնք կհաղորդեին երկրում իբր տեղի ունեցող հեղափոխության կամ էլ դասալիքների մասին:
«Սիրիայի տեղեկության նախարարությունը նախազգուշացնում է, որ արևմտյան հետախուզական ծառայությունները մի շարք արաբական երկրների հետ նախատեսում են զավթել սիրիական արբանյակային հեռուստաալիքների հաճախականությունը»,- ասվում է SANA տեղեկատվական գործակալության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, դա արվում է «Սիրիայի դեմ դավադրության» շրջանակներում և «պետական հեղաշրջման, դասալիքների կամ ապստամբների կողմից առանձին քաղաքները գրավելու մասին կեղծ լուրերի հաղորդման նպատակով»:
Սիրիական հեռուստատեսությունը կոչ է անում հանդիսատեսին ուշադիր լինել և կեղծ սիրիական ալիքները տարբերել իսկականներից:
Սիրիական իշխանությունների զգուշավորությունն անտեղի չէ: Մշտական հարձակումների է ենթարկվում, մասնավորապես, SANA գործակալության կայքը: Ճգնաժամի սկզբից ի վեր խնդիրներ ունի նաև հեղինակավոր անկախ «Ալ-Վաթան» թերթի կայքը:
2011 թվականի վերջին ԵՄ-ն այդ թերթը ներառել էր իր պատժամիջոցների ցանկում: ԵՄ պատժամիջոցները տարածվել էին նաև սիրիական մասնավոր «Ադ-Դունիա» հեռուստաալիքի վրա:
Սիրիայի դեմ տեղեկատվական պատերազմը զգալիորեն ուժեղացել է 4 օր առաջ Դամասկոսում ազգային անվտանգության շենքում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել էր սիրիական ուժային կառույցների 4 ղեկավար, մի քանիսն էլ վիրավորվել էին:








































