1899թ. այս օրը Չիկագոյից ոչ հեռու` Օք-պարկ քաղաքում, ծնվեց ամերիկացի աշխարհահռչակ գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր (1954) Էռնեստ Հեմինգուեյը:
Հեմինգուեյը 20-րդ դարի մեծագույն գրողներից է, ով դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես լրագրող։ Առաջին համաշխահային պատերազմի տարիներին մեկնելով Եվրոպա՝ դառնում է պատերազմի կամավոր մասնակից և ծանր վիրավորվում։
Ապաքինվելուց հետո սկսում է զբաղվել գրական գործունեությամբ: Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև Հեմինգուեյի հետագա վեպերում։ Այդ գործերից ամենանշանակալիցը «Հրաժեշտ զենքին» վեպն էր, որը մեծ հռչակ բերեց գրողին։ Ուշագրավ են նաև նրա «Կիլիմանջարոյի ձյուները», «Մադրիդի վարորդները», «Կղզի օվկիանոսում» ստեղծագործություները։
Եվրոպայում ապրելու տարիներին գրողը մասնակցում է նաև Համաշխարհային երկրորդ պատերազմին, ապա մեկնում է Կուբա, որտեղ էլ գրում է իր հանրահայտ վիպակը՝ «Ծերունին և ծովը»: Այս և մյուս ստեղծագործությունների համար 1954թ. նրան շնորհվում է Նոբելյան մրցանակ։
Հեմինգուեյի բեղմնավոր կյանքը, սակայն, ցավալի ավարտ ունեցավ. վերջնականապես քայքայվել էր նրա առողջությունը։ Զգալով, որ այլևս չի կարող ապրել լիարժեք կյանքով` տաղանդավոր գրողը 1961թ. հուլիսի 2-ին ինքնասպան է լինում։
Ներկայացնենք մի փոքրիկ հատված Հեմինգուեյի ստեղծագործություններից մեկից. «Ամեն ինչ էլ ոչինչ է. մարդն էլ է ոչինչ: Միայն այդպես, և միայն լույսն է, որի կարիքը զգում են և, իհարկե, մաքրությունն ու կարգուկանոնը: Ոմանք ապրում են և երբեք դա չեն զգում, իսկ ինքը գիտի, որ այդ բոլորը ոչինչ է ու միայն ոչինչ, ոչինչ ու միայն ոչինչ:
Մենք ոչինչ ենք ոչնչության մեջ, ոչինչ լինի քո անունը, քո թագավորությունը, ոչինչ թող լինի ոչինչը ոչնչության մեջ, քանզի այն արդեն ոչնչության մեջ է: Տուր մեզ այդ ոչինչը, մեր օրհասական ոչինչը և ոչնչացրու մեզ մեր ոչինչը, քանզի մենք ոչնչացնում ենք մեր ոչինչը, բայց ոչնչացնելով մեզ` ոչ թե ոչինչ դարձրու, այլ ազատիր մեզ ոչնչից: Կեցցե ոչինչը` ոչնչով լի. ոչինչը մեզ հետ է»: (Հատվածը վերցված է Հովիկ Չարխչյանի բլոգից)









































