ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին չեղյալ է հայտարարել Նյու Գեմպշիր նահանգում իր նախընտրական քարոզչությունը` Կոլորադոյում տեղի ունեցած ողբերգության պատճառով:
«Ես այժմ ձեր առջև կանգնած եմ ոչ որպես նախագահի թեկնածու, այլ որպես ամերիկացի, հայր և պապ: Եվ երկրի համար այս ծանր պահին ես միանում եմ նախագահին և առաջին տիկնոջը և ցավակցում եմ զոհերի հարազատներին և մերձավորներին: Ես կաղոթեմ նրանց համար… եկեք միասին աղոթենք»,- ասել է Ռոմնին՝ Նյու Գեմպշիրում հանդես գալով ընտրողների առջև:
Ակդ կարճ հայտարարությունից հետո նա լքել է հարթակը:
Ավելի վաղ ծրագրված էր, որ Ռոմնին պետք է հանդես գար նախընտրական ելույթով:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոլորադոյում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ ընդհատել է Ֆլորիդայի նախընտրական քարոզչությունը: Իրենց միջոցառումներն ընդհատել են նաև փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն և առաջին տիկին Միշել Օբաման:











































