Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ Սևանա լճից ջրի բաց թողնման որոշումը անօրինական է, քանի որ հաշվի չի առնվել տեղի համայնքների, հասարակական կազմակերպությունների և հանրության կարծիքը. «Որոշվել է, որ 320 մլն խմ ջուր է բաց թողնվելու Սևանա լճից, պատճառաբանությունն այն է, որ երաշտ է, և ջրի պակասություն կա: Սակայն այս տարի շատ ձնառատ ձմեռ է եղել, ջրի պակաս հազիվ թե լինի»:
Նա ասաց նաև, որ դիմումով դիմել են ԱԺ, սակայն Հովիկ Աբրահամյանը անտեսել է իրենց նամակը, դրանից հետո դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որը արձանագրել է, որ Սևանա լճից ջրի բացթողումը իրականցվում է՝ առանց հաշվի առնելու հանրության կարծիքը:
Էկոլուր ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանն էլ հավելեց, որ Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերը արդեն սպառվել են, ջուր չկա ձկնաբուծության համար և Սևանա լճից անվճար ջուր կհատկացվի: Նրա կարծիքով՝ Կառավարության արած հայտարարություններն անհեթեթություն են, ավելի լավ է ասել ճշմարտությունը, քան նման ստեր հորինել, թե երաշտ է. «Կա մեկ այլ վարկած ևս: Ջրի մակարդակը բարձրացել է և կառավարությունը չի հասցնում մաքրել տարածքը, ամեն ինչ մնում է ջրի տակ: Եթե տեսնեք՝ ինչ է կատարվում Սևանի տակ, շատ կզարմանաք»:
Ինգա Զառաֆյանը նշեց նաև, որ վաղվանից մինչև օգոստոսի 4-ը 32 մլն խմ ջուր է բաց թողնվելու Սևանից. «Այսինքն՝ քիչ-քիչ են իրականացնում իրենց ծրագիրը, հիմա 35 մլն խմ, հետո՝ նույնպես և 350 մլն խմ-ը կլրանա»:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի











































