Ուկրաինական ընդդիմության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն կրկին հրաժարվել է մասնակցել «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի չարաշահման գործով հերթական դատական նիստին. նա կորպորացիան ղեկավարել է 1995-1997թթ.:
Ուկրաինայի նախկին վարչապետը հրաժարվել է մասնակցել դատավարությանը` իր արարքը պատճառաբանելով նրանով, թե իրեն անհրաժեշտ է «խորհրդակցել գերմանացի բժիշկների հետ»: Այսօր այս մասին հայտարարել է երկրի պետական բժշկական ծառայությունը:
«Յուլյա Տիմոշենկոն վեցերորդ անգամ հրաժարվում է մասնակցել «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» գործով դատավարությանը»,- ITAR-TASS-ի փոխանցմամբ` ընդգծել են գերատեսչության մամլո ծառայությունից:
Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 23-ին:
Հուլիսի 10-ի դատական նիստը հետաձգվել էր մեղադրյալի բացակայության պատճառով:
Հիշեցնենք. Տիմոշենկոն մեղադրվում է 1990-ականներին «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի ղեկավարի պաշտոնում թույլ տված չարաշահումների համար:









































