«Ամերիաբանկ»-ն այս տարի վարկավորման ուղղությունների առումով իր հետաքրքրությունների շարքում ներառել է նաև արտահանումը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ամերիաբանկ»-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, գարնանային ռազմավարական սեսիայի ժամանակ քննարկվել և որոշվել է, որ վարկավորման համար կարևոր ոլորտներն են արտահանումը, սննդի առևտուրը և էներգետիկան:
Բանկի ֆինանսական գծով տնօրեն Գևորգ Թառումյանը տեղեկացրեց, որ դրամի արժեզրկումը իրենց դիրքերի վրա չի անդրադարձել, դիրքերը փակ են պահում, և իրականում բանկը սպեկուլյատիվ գործարքներ չի անում: Նա նշեց, որ վերջին տարվա ընթացքում դրամ-դոլար փոխարժեքի փոփոխություններն առանձնապես չեն ազդել ավանդատուների վրա, և ինչ համամասնությամբ նրանք պահում էին իրենց դրամական միջոցները, այդպես էլ շարունակում են պահել:
Տ. Ջրբաշյանի կարծիքով` դրամի արժեզրկումը ռիսկեր չի գոյացնում տնտեսությունում, եթե այն լինում է կայուն և համաչափ. «Ամենավտանգավորն այն է, երբ կտրուկ փոփոխություններ են լինում: Առայժմ տնտեսվարողների անվտանգության բարձիկն այնպիսին է, որ կկարողանան փոփոխություններին դիմակայել»: Նրա խոսքով` արտահանման ոլորտը լինելու է ամենահետաքրքիր զարգացողներից մեկը, քանի որ դրամի արժեզրկումը շարժիչ ուժ է արտահանման համար:
Տ. Ջրբաշյանի գնահատմամբ` Հայաստանի այսօրվա վիճակը ենթադրում է, որ սղաճը կառավարելի է, և նորմալ արժեզրկումը տնտեսության համար կլինի առողջարար: Ըստ Ջրբաշյանի` դրամի արժեզրկումն անհրաժեշտ է նաև դեֆիցիտի փոխհատուցման համար:
«Առաջին լրատվական»-ի հարցին` առավելագույնը ինչքա՞ն պետք է լինի դրամի արժեզրկումը, որպեսզի խթանվի արտահանումը, Տ. Ջրբաշյանը պատասխանեց` նման հաշվարկ, իհարկե, ունեն, բայց չեն հրապարակի, քանի որ ցանկացած տնտեսվարողի կողմից նմանատիպ ցուցանիշի հնչեցումը ազդակ է տնտեսությանը, որը, սակայն, պետք է ազատ թողնել, որպեսզի տնտեսությունն ինքը զարգանա և ուղղորդի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































