«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտարարել է, որ այլևս հանդես չի գա Անգլիայի ընտրանու կազմում: 33-ամյա խաղացողի խոսքերով` ինքը ցանկանում է կենտրոնանալ ակումբում իր ելույթների վրա:
«Այլևս հանդես չեմ գա ազգային հավաքականի կազմում: Ուժերս կկենտրոնացնեմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում իմ ելույթների վրա»,- The Sun-ի փոխանցմամբ` ասել է պաշտպանը:
Նշենք, որ Ֆերդինանդը Անգլիայի ընտրանու կազմում հանդես է գալիս 1997 թվականից: Այդ ընթացքում նա մասնակցել է 81 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ: Սակայն ֆուտբոլիստը չի ընդգրկվել «Եվրո-2012»-ին հայտագրված խաղացողների կազմում: Այս հանգամանքը երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը բացատրեց աբստրակտ «ֆուտբոլային պատճառներով»:
Գարի Քեյհիլի ստացած վնասվածքից հետո փորձագետները կարծում էին, թե Հոջսոնը կընդգրկի Ֆերդինանդին, սակայն մասնագետը նախապատվությունը տվեց «Լիվերպուլ»-ի երիտասարդ խաղացող Մարտին Կելիին, ինչը բարկացրեց «Յունայթեդ»-ի պաշտպանին:








































