Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ընդունելության քննությունները ցույց տվեցին, որ կան ֆակուլտետներ, որոնք դեռ դիմորդների ֆավորիտներն են: Այս տարի ԵՊՀ-ում դիմորդները առավել շատ դիմել են քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում, անգլերեն լեզու և գրականություն, թարգմանչական գործ`անգլերեն և հայերեն բաժիններում: ԵՊՀ ֆակուլտետներում չեն եղել բաժիններ, որոնք ընդհանրապես պահանջարկ չունենան:
Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում պատկերն այլ է, այստեղ կան և՛ պահանջարկ վայելող մասնագիտություններ, և` հակառակը: Պահանջարկ ունեցող բաժիններից մեկն է Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետը: Այս ֆակուլտետում ուսանելու հայտ է ներկայացրել շուրջ 1500 դիմորդ: Նույն պատկերն է նաև Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի Ֆակուլտետում, որտեղ ընդունվելու դիմում հայտ էր ներկայացրել շուրջ 1500 դիմորդ: ԵՊՃՀ-ում համեմատաբար ավելի քիչ պահանջարկ ունեցող ֆակուլտետներ են Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական
Ճարտարագիտության, Մեխանիկայի և մեքենագիտության, Կիրառական մաթեմատիկայի, Բնօգտագործման տնտեսագիտություն և Համակարգչային գեղարվեստական նախագծում ֆակուլտետները:
Պահանջարկը քիչ է եղել նաև Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետում, որտեղ ընդունվելու դիմում- հայտ է ներկայացրել շուրջ 215 դիմորդ, Դիզայնի և համակարգչային նախագծման ֆակուլտետում ևս դիմորդների բաշխվածությունը նույնն է: Իսկ Կիրառական արվեստի և պատմամշակութային տուրիզմի
Ֆակուլտետում ուսանելու ցանկություն է ունեցել միայն 5 դիմորդ: Հաշվողական տեխնիկայի և կառավարման ֆակուլտետում դիմորդները եղել են 600-ը: Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության Ֆակուլտետում սովորել ցանկացել է 500 դիմորդ, նույնը նաև Հիդրոտեխնիկայի և քաղաքային տնտեսության, Տրանսպորտի, Համակարգչային նախագծման, Կադաստրի և էկոլոգիայի ֆակուլտետում: Երկու դիմորդ է միայն ցանկացել սովորել Կադաստր և կիրառական գեոդեզիա (ՊՆ) ֆակուլտետում:
Ամենապահանջված ֆակուլտետները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում են, որտեղ ամենաբարձր պահանջարկ ունեն շուկայաբանություն (մարքեթինգ), ֆինանսներ և կառավարում ֆակուլտետները:
Մարքեթինգի ֆակուլտետում սովորելու համար դիմում- հայտ է ներկայացրել 2000-ից ավելի դիմորդ, ֆինանսներ ֆակուլտետում 2500-ից ավելի, Կառավարում ֆակուլտետում՝ 2000: Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի) (այդ թվում`աուդիտ, տնտեսագիտական վերլուծություն) ֆակուլտետում ևս ուսանողների թիվն, ամենայն հավանականությամբ, կանցնի 2000-ը:
Նույն համալսարանի ֆակուլտետների ցանկում կան ֆակուլտետներ, ինչպիսին է Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ, որն ունի ընդամենը 350 դիմորդ:
ֆակուլտետների բաշխվածությունը նույն պատկերն ունի նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանում, իսկ ԵՊԼՀ-ում դիմորդները բաշխվածությունը համեմատաբար հավասարակշռված է:











































