Թուրքական Aydınlık թերթում հրապարակվել է թուրք հրապարակախոս Սբահաթթին Օնքիբարի հոդվածը, որում հեղինակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին համեմատել է, իր իսկ պնդմամբ, Օսմանյան կայսրության հայտնի գերեզմանափորներից, բրիտանացի հայտնի լրտես Թոմաս Էդվարդ Լոուրենսի հետ, ով ավելի հայտնի է որպես Լոուրենս Արաբացի:
Վերջինս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գտնվել է արաբների շրջանում, կազմակերպել է նրանց ապստամբությունը և համոզիչ լինելու համար օրական հինգ անգամ նամազ է արել, հագել է բեդվինի հագուստ և այդպիսով՝ խաբել արաբներին:
Իր հոդվածում Օնքիբարն Էրդողանին քննադատում է Սիրիային հասցեագրած անհիմն մեղադրանքների համար՝ ընդգծելով, որ Սիրիայի ղեկավարությունը պայքարում է իմպերիալիզմի շահերին ծառայող ահաբեկիչների դեմ. «Համայն աշխարհին հայտնի է, որ ԱՄՆ-ը կյանքի է կոչում «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծը՝ ձգտելով մասնատել Սիրիան:
Էրդողանի կառավարության կողմից Սիրիայում մուսուլմանների սպանության վերաբերյալ լուրերի տարածումը վկայում է այդ նախագծի իրագործման գործըթնացին նրա անմիջական մասնակցության մասին:
Էրդողանը ոչ մի անգամ չի արտահայտվել այն մասին, որ Իրաքում սպանվեց 1.5 միլիոն մուսուլման և բռնությունների ենթարկվեցին անհաշիվ քանակությամբ մուսուլման կանայք: Էրդողանը հաջողություն է մաղթել ամերիկյան բանակին ռազմական գործողության անցկացման համար, ինչն էլ դարձել է այդ հանցագործությունների պատճառը»:





































