Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանի անունով ՀՔԾ դիմում-բողոք է ներկայացրել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«ՀՔԾ-ից առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ: Ուղղակի զայրացնողն այն է, որ քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը գոնե որոշակի տեղեկություն էր տալիս գործի ընթացքի մասին, իսկ Վաղինակ Ջանազյանը որևէ անգամ հանրությանը տվյալներ չի ներկայացրել:
Դիմումիս մեջ գրել եմ. եթե Վաղինակ Ջանազյանը մարտի 1-ի գործի բացահայտմանը ոչ մի նոր բան չի կարողացել ավելացնել, նշանակում է ՝ քննչական խումբը վերջին 6 ամսվա ընթացքում անգործության է մատնված եղել: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը 2011 թվականի ապրիլին ՀՔԾ-ին հրահանգել էր նոր թափ հաղորդել մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, իսկ ԵԽԽՎ-ն էլ իր հերթին ողջունել էր այդ փաստը, սակայն ակնհայտ է, որ իրականում ոչինչ էլ չի արվել:
Ես կարծում եմ, որ մենք՝ զոհերի իրավահաջորդներս, իրավունք ունենք իմանալու՝ ինչ է կատարվել գործի բացահայտման առնչությամբ այս 6 ամիսների ընթացքում, ինչ «առաջընթաց» է գրանցվել: Մենք պահանջում ենք հրապարակայնորեն ներկայացնել կատարված աշխատանքը: Եթե ոչ (իսկ ես համոզված եմ, որ ոչ) մենք փաստի վրա կփորձենք սևեռել ԵԽԽՎ ուշադրությունը»,- ամփոփեց Ալլա Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ը մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախաքննական մարմնի պատրաստած տեղեկատվական հաղորդումը՝ նախաքննության կատարած աշխատանքների, արդյունքների և խնդիրների վերաբերյալ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալլա Խաչատրյանը ՀՔԾ հրապարակած հաղորդումը խայտառակություն էր որակել:






































