Մինչ օրս Միգրացիոն պետական գործակալությանը դիմել է սիրիահայերի 6 ընտանիք՝ 14 անդամներով, որոնց շատ արագ փախստականի կարգավիճակ է տրվել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնելով այս մասին` գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանը բազմիցս շեշտեց, որ իրենք զբաղվում են միայն ապաստան հայցողների խնդրով:
Նա նշեց, որ օրենսդրությամբ սահմանված 30 օրվա փոխարեն սիրիահայերին 10 օրում են տրամադրում կարգավիճակ: Փախստականի կարգավիճակը տրվում է անժամկետ` կապված տվյալ երկրում իրավիճակի հետ:
ՄՊԳ կացարանում 40 մահճակալ կա, որոնց մեծ մասն արդեն զբաղված է: Եգանյանը նշեց` ի նկատի ունենալով այն, որ հոսքը կարող է ավելանալ, եղած բոլոր ռեզերվները նախատեսում են տրամադրել սիրիահայերին: Մասնավորապես Դարբնիկում կա շենք, որտեղ 12-13 սենյակներ կան: Հարկ եղած դեպքում հանրակացարաններում էլ սենյակներ կտրամադրվեն, սակայն մնալու տեղերը սահմանափակ են, ծածկով կկարողանան ապահովել ևս 20 ընտանիքի:
Գ. Եգանյանի խոսքով` մեծ հոսքի դեպքում գործում են նաև միջազգային համերաշխության և պատասխանատվությունը պետությունների միջև հավասար չափով բաշխելու սկզբունքները, նաև ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ են քննարկումներ անցկացվում, և հարկ եղած դեպքում կօգնեն:











































