Անցյալ տարվա սեպտեմբերին Եմենում սպանված ԱՄՆ քաղաքացի, իմամ Անվար Ալ-Ավլաքի ու ևս երկու քաղաքացիների հարազատները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ: Նրանք հայտնում են, որ առանց դատարանի վճռի` միայն ահաբեկչության կասկածանքով, իրենց հարազատներին սպանել են: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Արմատական իմամ Անվար Ալ-Ավլաքին, որը ԱՄՆ քաղաքացի է ու թաքնվում էր Եմենում, նրա 16-ամյա որդին` Աբդելրահման Ալ-Ավլաքին, և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման Inspire միջազգային ամսագրի հրատարակիչ Սամիր խանը, ինչպես նաև ԱՄՆ մեկ այլ քաղաքացի, Եմենում 2011թ. սեպտեմբերին սպանվել են ամերիկյան անօդաչու թռչող սարքի հասցրած հրթիռային հարվածի ժամանակ:
Այդ դեպքը սուր քննադատության ալիք էր բարձրացրել իրավապաշտպանների շրջանում:
Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության և Սահմանադրական իրավունքների կենտրոնի պատրաստած հայցում որպես պատասխանող կողմ հանդես են գալիս ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան, ԿՀՎ ղեկավար Դևիդ Պետրեուսը, փոխծովակալ Ուիլյամ Մակ Ռեյվենը, որը ղեկավարել է Բեն Լադենի ոչնչացման օպերացիան, ինչպես նաև գեներալ Ջոզեֆ Վոուտելը:
Նրանք բոլորը մեղադրվում են ամերիկյան քաղաքացիների սպանության մեջ:
«Այդ սպանությունները խախտում են հիմնարար իրավունքները, որոնցով օժտված է ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում` առանց դատարանի որոշման կյանքից չզրկվելու իրավունքով»,- ասվում է հայցում:









































