«Հայկական ծրագրեր» ընկերությունը պատրաստ է վերապատրաստել Սիրիայից Հայաստան ժամանած հայ բանկիրներին, հաշվապահներին և ծրագրավորողներին: Այս մասին տեղեկացրեց «Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը: Նա նաև ասաց, որ այս առաջարկով դիմել են Սփյուռքի նախարարությանը, որն ինչ-որ կերպ այդ մարդկանց գրանցում է: Ըստ ընկերության նախագահի` մի սիրիահայ տնտեսագետի մասին լուր կար, որին, օրինակ, հրավիրել էին հարցազրույցի:
«Մեր ընկերությունը զբաղվում է հաշվապահական և բանկային համակարգերով: Մեզ պետք են հաշվապահության մասնագետներ, բանկային գործի մասնագետներ և ծրագրավորողներ, ոչ թե մեզ պետք են աշխատանքի ընդունման համար, մենք իրենց կարող ենք վերցնել և վերապատրաստել, քանի որ Սիրիայում իրենք ուրիշ մասնագիտական ստանդարտներով են աշխատել, ուրիշ օրենսդրությամբ»,- մեկնաբանեց Աշոտ Խաչատրյանը` հավելելով, որ հայկական աշխատաշուկայում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնելու համար, նրանք պետք է վերապատրաստվեն: Նրա խոսքով` հնարավոր է նաև աջակցեն աշխատանք գտնելու հարցում:










































