«Հայոց պատմության մեջ արտագաղթ երևույթը, բարեբախտաբար, երկար ժամանակ չի եղել, այն մեզանում ձևավորվել է 11-րդ դարի կեսերից, երբ տեղի ունեցավ Անիի Բագրատունյաց թագավորության անկումը: Դրանից հետո սկսվեց արտագաղթ՝ դեպի Վրաստան, Կիլիկիա, Փոքր Ասիա, և ցավալի է, բայց մեր ազգը զարմանալիորեն բարդութավորվեց, դժվարության դեմ պայքարի մեխանիզմները նա սկսեց փնտրել արտագաղթի մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը:
Նա նշեց, որ ցավալիորեն դրանից հետո ամբողջ հայոց պատմության մեջ արտագաղթի բարդույթը մեզանում շարունակեց գերակշռել նաև միջնադարում և նոր ժամանակաշրջանում: Դրա հիմնական պատճառը պետականության կորուստն էր: Հայաստանի այն շրջաններում, որտեղ կային պետականության մոտիվներ՝ Սյունիքում, Արցախում, Շատախում, Զեյթունում, Սասունում, այնտեղ արտագաղթի պատճառները վերացան: Արտագաղթը հատկապես դաշտավայրային հատվածներից, մասնավորապես՝ Արարատյան դաշտի տարածքից էր. «17-րդ դարի սկզբին Շահ Աբասը կազմակերպեց հայերի բռնագաղթը: Սա էլ դարձավ արտագաղթի խորացման պատճառներից մեկը: Մեր հայրենակիցները զարմանալիորեն փրկության հիմնական ուղին գտնում էին արտագաղթի մեջ»:
Պատմաբանի հավաստմամբ՝ արտագաղթի երևույթը մեզանում սկսեց նահանջել, երբ տեղում պետականությանը նախապատվություն տալու մոտեցումը սկսեց ձևավորվել: Դա տեղի ունեցավ Սարդարապատում, որից հետո ձևավորվեց Առաջին հանրապետությունը: Դրանից հետո սկսեց ներգաղթ դեպի Հայաստան, հետո Խորհրդային Հայաստան. «Երրորդ հանրապետության շրջանում մենք հույս ունեինք, որ պետք է ներգաղթը պահպանվեր, բայց երկրաշարժից, սոցիալ-տնտեսական վիճակի վատանալուց հետո արտադրվեցին արտագաղթի բացասական երևույթները: Ես կարծում եմ, որ մենք բոլորս՝ և՛ մտավորականները, և՛ պետական մարմինները զգալի աշխատանք ունենք անելու՝ հոգեբանորեն մեզ ազատելու համար այն բարդույթից, որ փրկությունը օտար ափերում է»:
Պատմաբանի կարծիքով՝ արտագաղթը նաև Խորհրդային Հայաստանի փլուզման արդյունք է, երբ փակ էին սահմանները և կար աշխարհայացք, որ դրսում կյանքը բարեկեցիկ է: Իսկ սահմանների բացումը մարդկանց համակեց որտեղ հաց, այնտեղ կաց զարմանալի և անընդունելի հոգեբանությամբ. «Գենետիկայի առումով մեզանում սկսել է գերակշռել սեփական հայրենիքի հանդեպ հավատի պակասը: Հավատն իր տեղը զիջել է օտարամոլությանը, որը ախտի պես մտել է հասարակության մեջ»,- հավելեց Ա. Մելքոնյանը:
Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանն էլ ասաց, որ արտագաղթի դեմ պայքարը պետք է լինի դաստիարակությունը, որտեղ հաց, այնտեղ կաց գաղափարից ազատվելը: Նրա հավաստմամբ՝
արտագաղթը գլոբալիզացիայի և հայրենասիրության պակասի արդյունք է. «Այդ մարդկանց անհրաժեշտ է հոգեբանական խորհրդատվություն, որովհետև հաճախ օտար ափերում լավ կյանքի ակնկալիքով նորից վերադառնում են հայրենիք՝ ավելի ծանր վիճակում»:










































