ԱՄՆ-ի իշխանությունները ընդլայնել են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը` նրա մեջ ընդգրկելով գրեթե 30 բարձրաստիճան սիրիացի պաշտոնյաների:
ԱՄՆ-ն սառեցրել է Սիրիայի վարչապետ Ռիյադ Հանդջաբիի և կառավարության 28 այլ անդամների հաշիվները: Բացի այդ՝ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է նշված անձանց հետ որևէ ֆինանսական գործարք իրականացնել:
Պատժամիջոցների ընդլայնման մասին որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել և վիրավորվել են Սիրիայի ուժային կառույցների մի քանի ղեկավարներ:
Չորեքշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ում կայանալու է Սիրիայի երկու որոշումների վերաբերյալ քվեարկություն, որը նախատեսում է Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառում:
Սակայն Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը առաջարկել է հետաձգել այդ քվեարկությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայում մեկ տարուց ավելի է, ինչ շարունակվում են հակակառավարական ելույթները, որոնք վերաճել են քաղաքացիական պատերազմի: Տարբեր տվյաների համաձայն` այս ընթացքում զոհվել է 12-17 հազար մարդ:










































