Իսպանական բանկերին տրամադրված 100 մլրդ եվրոն վերադարձնելու պատասխանատվությունը ընկած է Իսպանիայի կառավարության վրա: Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին գերմանական ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:
«Միջոցները տրամադրվել են պետությանը: Հենց իսպանական պետությունն է պատասխանատվություն կրում հատկացված ֆինանսական միջոցի վերադարձի համար: Ֆինանսական օգնության դիմաց Մադրիդը խոստացել է անցկացնել բանկային համակարգի բարեփոխումներ»,- ասել է Գերմանիայի ֆիննախի ղեկավարը:
Նա նաև հավելել է, որ ներկայում գոյություն չունի բանկերին Եվրոպական ֆինանսական կայունության ֆոնդի (EFSF) կողմից ուղղակիորեն միջոցներ հատկացնելու մեխանիզմ:
«Գոյություն ունի միայն պետությանն օգնելու մեխանիզմ, որը, իր հերթին, կօգնի կարիքավոր բանկերին, ինչն ավելի վաղ հավանության էր արժանացել Բունդեսթագի կողմից»,- ասել է Շոյբլեն: