Այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է News.armeniatv.com-ը հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
Ժամը 13-ի սահմաններում Արմավիրի մարզի Լուկաշեն գյուղում, դեռևս չպարզված հանգամանքներում, ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «ԳԱԶ» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենայում:
Հրդեհի արդյունքում տարբեր աստիճանի այրվածքներով Վաղարշապատի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչ 32-ամյա Համլետ Եղիազարյանը, 38-ամյա Հովհաննես Պետրոսյանը, 37-ամյա Պարույր Հովսեփյանը, 37-ամյա Մհեր Գրիգորյանը և Լուկաշեն գյուղի բնակիչ 48-ամյա Դավիթ Կիրակոսյանը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ մեքենան վարել է Հովհաննես Պետրոսյանը:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզի փրկարար ծառայության հրշեջ-փրկարար ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և հրամանատարի տեղակալ Հակոբ Սաֆարյանի գլխավորությամբ:
Ավտոմեքենայում առաջացած հրդեհի հանգամանքները պարզվում են:








































