РБК-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի ծայրամասերից մեկում այսօր հայտարարել է, որ այս տարի Վրաստանի տնտեսական աճը կազմելու է 8 տոկոս.
«Դա աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Վրաստանի համեմատ շատ ավելի զարգացած երկրներում տնտեսական աճը հաճախ կազմում է 1 տոկոս: Վրաստանի արագ տնտեսական աճը պայմանավորված է երկրի նախկին հետամնացությամբ: Վրաստանի կառավարությունը յուրաքանչյուր քաղաքացու հետ կնքելու է պայմանագիր, որում ներառված են Վրաստանի յուրաքանչյուր բնակչի կենսապայմանների բարելավման վերաբերյալ իշխանությունների տված բոլոր խոստումները:
Խոսքը մասնավորապես վերաբերում է Վրաստանի բոլոր բնակիչների բժշկական ապահովագրմանը, զբաղվածության խնդրի լուծմանը, յուրաքանչյուր բնակչին 1000 լարի (625 դոլար) արժողությամբ միաժամանակյա վաուչերների հանձնմանը: Այդ պայմանագրի տակ ստորագրում ենք ես և վարչապետ Վանո Մերաբիշվիլին»:








































