«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր, Երևանի թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվելու մտադրություն հայտնած Ստեփան Սաֆարյանը չի բացառում, որ ընտրապայքարի ընթացքում կարող է հենվել ԲՀԿ-ի վրա և ունենալ նրա աջակցությունը: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ նկատելով, որ չի կարող թերագնահատել խորհրդարանական՝ մեծությամբ երկրորդ ուժին:
«Ինձ հետ առաջադրվող մյուս թեկնածուների հնարավորությունները չեմ ուզում թերագնահատել, նույն կերպ չեմ թերագնահատում նաև իմ հնարավորությունները: Նրանց բոլորին էլ ինձ արժանի մրցակից եմ համարում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Հարցին՝ ո՞ւմ կամ քաղաքական ո՞ր ուժի վրա է պատրաստվում հենվել ընտրությունների ընթացքում, նախկին խորհրդարանականը պատասխանեց. «Եթե բոլոր ընդդիմադիր ուժերն անկեղծ էին 2012 մայիսի 6-ի բանավեճում, ըստ որի ընտրությունների պետք է գնալ մեկ թեկնածուով և հաղթել, ապա ես հուսով եմ, որ այս ընտրությունները, բոլոր ընդդիմադիր ուժերով, կդարձնենք հաղթելու աննախադեպ մի հնարավորություն»:
Հիշեցնենք, որ համաձայն «Ազգային Ժողովի կանոնակարգ»-ի, եթե Երևանի թիվ 1 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպից հետո պատգամավորության մանդատը վայր դնելու իր որոշումը չփոխի և դիմումը Ազգային Ժողովից հետ չվերցնի, ապա աշնանը Երևանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ կանցկացվեն:
Ստեփան Սաֆարյանից բացի, նույն ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն են հայտնել քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ու լրագրող Արտակ Եղիազարյանը: Շրջանառվում է նաև Երևանի մանկավարժական համալսարանի պատմագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի անունը:
Հիշեցնենք նաև, որ մայիսի 6-ին անցկացված ընտրություններին թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության երեք թեկնածու կար: Հայրապետյանի օգտին տրվել էին քվեարկության եկած ավելի քան 36.000 ընտրողներից 19.442-ի ձայները: Սաֆարյանը ստացել էր ավելի քան 9.000 ձայն: Իսկ մյուս թեկնածուի` լրագրող Գայանե Առուստամյանի օգտվին քվեարկել էր 5.206 ընտրող:









































