ԱՄՆ զինվորականները պատրաստվում են հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հզոր ռադար տեղադրել Կատարում: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության իր աղբյուրը:
Հաղորդվում է, որ Կատարի տարածքում տեղադրվելիք ՀՀՊ ռադարը պատկանում է AN/TPY-2 ընտանիքին: Նման ռադար ավելի վաղ տեղակայվել էր Իսրայելի Նեգև անապատում, Թուրքիայի կենտրոնական հատվածում:
Պարբերականը գրում է, որ բոլոր 3 ռադարներն էլ ամերիկացի զինվորականներին թույլ կտան բռնել Իրանի հյուսիսից, արևմուտքից և հարավից արձակված հրթիռները: Wall Street Journal-ը Կատարում նոր ռադարի տեղակայումը կապում է այն հանգամանքի հետ, որ հենց այդ արաբական երկրում են տեղակայված ամերիկյան երկու խոշոր ռազմաբազաները, այդ թվում ռազմաօդային ուժերի «Ալ-Ուդեյդ» բազան:
Կատարի տարածքում ծառայութուն անցնող ԱՄՆ զինծառայողների ընդհանուր թիվը կազմում է 8000 մարդ: Թերթի տվյալներով՝ Կատարում ռադարի տեղակայման հետ կապված ծախսերը կկազմեն 12.2 մլն դոլար:
Բացի այդ՝ ԱՄՆ-ը նախատեսում է մի քանի ամիսների ընթացքում Պարսից ծոցի մեկ այլ երկրում տեղադրել THAAD բջջային հակահրթիռային համալիր: Թերթի տվյալներով՝ այդ երկիրն ամենայն հավանականությամբ կլինի Արաբական միացյալ Էմիրությունները:











































