Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով հատուկ ուշադրություն է դարձնում Երևանի և Հայաստանի մարզերի խնդիրներին, իր ֆոտոխցիկով հերթական աղաղակող փնթիությունն է արձանագրել մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցում:
Ֆոտոլրագրողը, News.armeniatv.com-ին հայտնել է, որ արձագանքելով բնակիչների ահազանգ-խնդրանքներին` Լենինգրադյան փողոցում զրուցել է Լենինգրադյան 34 և մերձակա մի քանի շենքերի բնակիչների հետ: Վերջիններս Գագիկ Շամշյանին զայրացած ներկայացրել են փողոցը հատող կիսալցված փոսը, որի շինարարական աշխատանքները սկսվել են գրեթե 2 ամիս առաջ ու մինչ օրս չեն ավարտվել:
Ըստ բնակիչների` ամեն երեկո այս տարածքում արձանագրվում են ավտովթարներ, վտանգված է երթևեկությունը թե՛ մեքենաների և թե՛ հետիոտների համար:
Անհասկանալի է պատկան մարմինների քար անտարբերությունը այս աղաղակող փաստի առնչությամբ: Կիսալցված փոսին զուգահեռ, գրեթե անտեսանելի` հետիոտնի անցման գծանշումներն են:
Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ բնակիչները, ցույց տալով մոտակայքում կայանված քարշակ մեքենան (էվակուատոր), ասել են հետևյալը. «Շամշյան ջան, էս էվակուատորը գիշերները լավ գործ ա անում փոսի պատճառով` ջարդված կամ վթարի ենթարկված ավտոներ տեղափոխելով»:
Բացի վերը նշվածից` փողոցում մեծ խցանումներ են առաջանում, երբ մեքենաները, դանդաղ մանևրելով, փորձում են զգուշությամբ անցնել կամ անգամ հանդիպակաց գոտի դուրս գալով` շրջանցել չարաբաստիկ «խրամատ»-ը:
Գագիկ Շամշյանը նշել է նաև, որ այդ հատվածով անցնող շտապօգնության մեքենաները թանկարժեք րոպեներ են կորցնում` ուշանալով կանչերից կամ հիվանդին առաջին օգնության հնարավորությունից:
Հավաքված բնակիչները ֆոտոլրագրողին հայտնել են, որ հիմա վստահ են, որ չարաբաստիկ փոսը շատ շուտով կվերանա:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի









































