Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Պարզվում է` Հմայակ Հովհաննիսյանը որոշել է առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու Ավանում` «ԲՀԿ-ի ցուցակում լինելու բիծը իր վրայից հանելու համար»: Վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանը նման բարգավաճ բծի բեռան տակ մտնում էր ազգային վեհ գաղափարներից ելնելով: Իսկ թե ինչպիսի վերլուծության արդյունքում է սույն գործիչը եկել այն եզրակացության, որ Ավանից պատգամավոր դառնալը բիծ է մաքրում, իմ համեստ ունակությունները թույլ չեն տալիս ըմբռնել:
Փոխարենը, վերլուծելով վերջինիս բիծ մաքրելու բավական հարուստ և պատմական փորձը, կարելի է պնդել, որ այդ ուղին այնքան էլ արդյունավետ չէ: Դատեք ինքներդ: Հմայակ Հովհաննիսյանը կոմունիստ լինելու բիծը մաքրելու համար հարել է դաշնակցությանը, այնուհետև, ՀՅԴ բծից ազատվելու ազնիվ մղումից ելնելով, դարձել է Դեմիրճյանի ՀԺԿ անդամ: Այնուհետև մտել է Գեղամյանի թիմի մեջ, այս բծից փորձել է ազատվել` անցնելով Սամվել Բաբայանի թիմ: Դրանից հետո բծերի դեմ պայքարին նոր թափ է հաղորդել Տեր-Պետրոսյանին սատարելով, հավանաբար արդյունքից բավարարված չլինելով, մտել է ԲՀԿ, այստեղ էլ միայն բծերի հանդիպելով` որոշել է բծերի դեմ անհավասար պայքարում ուժերը փորձել Ավանում:
Նման հարուստ կենսագրություն ունեցող գործիչների պակաս, ցավոք, Հայաստանում չկա: Նրանք վարկաբեկում են և քաղաքական գործչի, և քաղաքագետի, և վերլուծաբանի ինստիտուտները:
Սակայն այստեղ խնդիրն ունի հակառակ կողմ: Հմայակ Հովհաննիսյանը փոխել է մոտ մեկ տասնյակ քաղաքական թիմ, որոնք երբեմն տրամագծորեն հակառակ քաղաքական դիրքեր և գաղափարներ են ունեցել, իսկ ինչպե՞ս է պատահել, որ այդ թիմերը, կուսակցությունները, որոնց մի մասը զգալի դերակատարում է ունեցել մեր քաղաքական կյանքում, չեն փակել «լեյտենանտ Շմիդտի որդիների» մուտքը, չեն էլ հետաքրքրվել, թե ով է դառնում իրենց անդամ և ցույց չեն տվել հասարակությանը, որ իրենք, բացի լիդերի դաբրոն, ունեն նաև սկզբունքներ և ներկուսակցական ինստիտուտներ, ինչը կուսակցություն կոչվելու պարտադիր պայման է: Այնտեղ, որտեղ լիդերն ունի անսահմանափակ իշխանություն, Հմայակի նմանները (այս պարագայում` որպես ընդհանրական կերպար) միշտ էլ պարարտ հող կունենան քաղաքական և քաղաքագիտական գործունեության համար:
Ցավոք, մեր քաղաքական դաշտի բոլոր հիմնական ուժերն այս հարցում միանման են: Եվ ընդդիմություն, և իշխանություն տարանջատումներն այստեղ միայն պայմանական են:









































