Նախկինում հաղորդվում էր, որ Apple-ի նոր սմարթֆոնի հետևի պանելն ամբողջությամբ պատրաստված կլինի ալյումինից, սակայն դատելով վերջին տվյալներից` ամերիկյան մշակողները վերջին պահին որոշել են որոշ կոսմետիկ փոփոխություններ մտցնել սարքի դիզայնում: Նախկինում պանելն ամբողջությամբ պատրաստված էր ապակուց:
Ճապոնական Macotakara հրատարակությունը՝ հղում անելով Չինաստանում իր վստահելի աղբյուրներին, նոր iPhone-ի արտադրության հետ կապված հայտնում է, որ սմարթֆոնի հետևի պանելին կտեղակայվեն ապակե երկու ներդիրներ: Նախօրեին աղբյուրը հաղորդել էր, որ Apple ընկերությունը սկսել է iPhone սմարթֆոնի նոր մոդելի արտադրությունը:
Սարքը, որի արտադրությունը սկսվել է Չինաստանում, զգալիորեն կտարբերվի սարքի նախորդ երկու տարբերակներից: Ըստ տեղեկությունների՝ նոր սարքի դիսփլեյի անկյունագիծն ավելի մեծ կլինի: Նախորդներն ունեին 3,5 դյույմ անկյունագիծ: Նոր սարքը կունենա ավելի հզոր պրոցեսոր: Ենթադրվում է, որ այն վաճառքի կհանվի այս աշնանը:
Հիշեցնենք, որ առաջին iPhone-ը վաճառքի է հանվել 2007-ի ամռանը: Այդ ժամանակվանից մինչ օրս Apple-ը վաճառել է ավելի քան 218 միլիոն սարք:










































