News.armeniatv.com-ի փոխանցմամբ` հուլիսի 16-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչ Երջանիկ Գևորգյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` Վարդան Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու համար:
Ինչպես Լոռու մարզից News.armeniatv.com-ին է փոխանցել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով և զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով: Վ. Սահակյանը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» ՔԿՀ:
Նույն օրը Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խմբերը բացահայտել էին այդ գիշերը Սպիտակում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը:
Ֆոտոլրագրողի փոխանցմամբ` ժամը 04.55-ի սահմաններում «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակից Վռամ Ղազարյանը Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգել էր, որ ժամը 03.30-ի սահմաններում դիմակավորված երկու անհայտ անձինք բաց պատուհանից մուտք էին գործել կապի հանգույցի վարչական շենք, որը գտնվում է Սպիտակ քաղաքի Շահումյան 5 հասցեում, դանակի և պտուտակահանի սպառնալիքով իրեն կպչուն ժապավենով կապել էին աստիճանավանդակից, որից հետո այնտեղ եղած վաճառասրահից հափշտակել տարբեր տեսակի 11 հեռախոս և 3 հատ նոթբուք:
Որոշ ժամանակ անց Ոստիկանության Լոռու մարզի վարչությունում ստեղծվել էր օպերատիվ խումբ, որտեղ ներգրավվել էին նաև Սպիտակի ոստիկանները: Մինչև լուսաբաց ոստիկանությունը օպերատիվ տվյալներ էր ստացել, թե գիշերը այդ ժամին ովքեր են եղել նշված տարածքում:
Նույն օրը՝ ժամը 15.30-ի սահմաններում, Լոռու մարզի ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Սպիտակի ոստիկանության բաժին բերման էին ենթարկել նույն քաղաքի բնակիչ, 22-ամյա Վարդան Սահակյանին: Վերջինս ոստիկաններին պատմել էր իր ընկերոջ հետ կատարած հանցագործության մասին և ցույց էր տվել այն վայրը, որտեղ թաքցրել էին հափշտակված ապրանքները:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների` Վ. Սահակյանը սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի երրորդ կուրսում` պետպատվերի համակարգում:
Ոստիկանությանը հայտնի են դարձել նաև նրա հանցակից ընկերոջ տվյալները, ում հայտնաբերելու համար օպերատիվ քննչական միջոցառումներ են ձեռնարկվում:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
‘







































