Վերջին շաբաթվա ընթացքում Չինաստանի հարավային շրջաններում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 2 միլիոն մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ներկայում իրավիճակը բարդ է Գուանչժոու, Հունան, Ցզյանսի և Անհոյ նահանգներում: Տեղի իշխանությունների տվյալներով` միայն Գուանչժոու նահանգում տարերային աղետը 11 մարդու կյանք է խլել, ևս 3 բնակիչ համարվում է անհետ կորած: Ընդհանուր առմամբ` նահանգում աղետի հետևանքով 1,1 միլիոն մարդ է տուժել:
Հունան նահանգում տեղատարափ անձրևները խաթարել են 175 կոմսության 750 հազար բնակիչների առօրյան: Վնասվել են 410 բնակելի շինություններ, վնասվել է 21 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածք:
Բարդ իրավիճակ է նաև արևելյան Ցզյանսի նահանգում, որտեղ 168 հազար մարդ է տուժել: Իսկ Անհոյ նահանգում տեղի իշխանությունները 240 ջրամբարների ջուրը մասամբ թողնելու հանձնարարական են տվել, ինչը ջրհեղեղի կանխարգելմանը միտված քայլ է:
Իշխանություններին անհանգստացնում է այն, որ նահանգի 3 հիմնական գետերի մակարդակը անվտանգության ցուցանիշը գերազանցել է: Գետափերի մոնիտորինգով ներկայում զբաղվում են ջրհեղեղների դեմ պայքարի տեղի շտաբի 7500 աշխատակիցներ:
Նշված շրջաններում հեղեղաջրերը խնդիրներ են առաջացրել էլեկտրամատակարարման և երթևեկության հետ կապված:










































