ՄԱԿ-ը Սիրիայի ռազմական հակամարտությունը լուծելու համար պետք է մեծ ճնշում գործադրի սիրիական իշխանությունների վրա: Չի կարելի սպասել, որ հակամարտող կողմերն իրենք սկսեն երկխոսությունը, հայտարարել է Չեխիայում պաշտոնական այցով գտնվող Հորդանանի վարչապետ Ֆաիզ Տարաունան:
«Սիրիա ուղարկված ՄԱԿ առաքելության թվաքանակը մեծ չէ: Առաքելությունն իրադարձությունների վրա որևէ ազդեցություն չի ունեցել: Իրադրությունը շատ լուրջ է»,- ասել է Տարաունան, ում խոսքերը մեջբերում է Չեխական տեղեկատվական գործակալությունը:
Հորդանանի վարչապետի խոսքերով Սիրիայում ՄԱԿ-ի կողմից արված քայլերը բավարար չեն:
«ՄԱԿ ԱԽ-ին անհրաժեշտ է մեծ ճնշում գործադրել Սիրիայի կառավարական շրջանակների վրա, որպեսզի լուծում գտնվի և դադարեցվի արյունահեղությունը»,- կարծում է Տարաունան:
Նրա կարծիքով՝ սկզբից անհրաժեշտ է դադարեցել զինված հակամարտությունը, ապա անցնել խնդրի քաղաքական լուծմանը:
Տարաունան հիշեցրել է, որ Սիրիան Հորդանանի առևտրային խոշոր գործընկերներից մեկն է:
Հորդանանի վարչապետը նշել է նաև, որ իր երկրում այժմ գտնվում է 135 հազար սիրիացի գաղթական:








































