Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է News.armeniatv.com-ը` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
Ժամը 16-ի սահմաններում 21-ամյա Գոռ Բալաբեկյանը վարելով «Օպել» մակնիշի 32 ՏԼ 819 համարանիշի ավտոմեքենան Շերամի փողոցի թիվ 27 շենքի դիմաց ընդհարվել է Երևանի բնակիչ, 35-ամյա Գևորգ Ղազարյանի վարած ՎԱԶ-21 214 մակնիշի 90 ԼՏ 999 համարանիշի ավտոմեքենային:
Ընդհարման հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել Հաղթանակ գյուղի բնակիչ, 57-ամյա Վաչագան Գևորգյանին պատկանող ԳԱԶ-31029 մակնիշի 04 ՏԼ 669 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Գ. Ղազարյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ Գ. Բալաբեկյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ Գ. Բալաբեկյանը աշխատում է «Եվրոպա» ռեստորանային համալիրում որպես խոհարար, իսկ Գ. Ղազարյանը ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությունում որպես տեսուչ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









































