Դամասկոսում Մայդան և Թադամուն թաղամասերում այսօր՝ օրվա երկրորդ կեսին վերսկսվել են զինված բախումները: «Ալ-Ջազիրա» և «Ալ-Արաբիա» հեռուստաալիքները եթերում ցույց են տվել, թե ինչպես են դիմակներով գրոհայինները տեղաշարժվում փողոցներով և կրակում թաքստոցներից:
Հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ Մայդանում և Թադամունում կարգ ու կանոն հաստատելու համար գործի է դրվել զրահատեխնիկան: Կարգուկանոնի պահապանների հետ փոխհրաձգություններ տեղի են ունենում նաև քաղաքի այլ թաղամասերում:
Գնալով ավելի ու ավելի կատաղի բնույթ են ստանում Դեյր էզ Զորում տեղի ունեցող մարտերը: Զորքերը ռմբակոծում են Ջեբեյլա շրջանը, որն իրենց հսկողության տակ են պահում Սիրիական ազատ բանակի գրոհայինները: Բնակիչները լքում են այն տարածքները, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունենում:









































