Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում՝ ինչպես իրեն դրսևորի այս կամ այն իրավիճակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ այն հայտարարությանը, թե «Հարսնաքարի» գործով ստորագրահավաքի ձախողման համար իրենք իրենց պատասխանատու չեն համարում։
«ԲՀԿ-ն, ըստ էության, երբեք չի հայտարարել, որ ընդդիմություն է: Ընդդիմադիր դաշտում նրան տեսնել ուզում է միայն ՀԱԿ-ը: Նույնիսկ անհարմար է անընդհատ պնդել մի բան, որը ԲՀԿ-ն, ըստ էության, բացառում է: Այդ կուսակցությունը մշտապես հայտարարել է, որ ինքն ընդամենն այլընտրանքային ուժ է»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը:
Հարցին՝ իր կարծիքով, ի՞նչը կամ ո՞վ էր ստորագրահավաքի ձախողման իրական պատճառը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց, որ ոչ ոքի մեղավորությունը չպետք է փնտրել, ձախողման պատճառը ընդդիմության՝ ԱԺ-ում չունեցած 44 ձայներն են: «Բացի այդ, մեղավորությունը ՀԱԿ-ի՝ մինչխորհրդարանական գործունեությունն էր, որի արդյունքում նա ընդդիմադիր ընտրազանգվածը նվիրեց այլ ուժերի»,- ամփոփեց Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ օրերս կայացած նախաձեռնության ժամանակ 44 ստորագրություն այդպես էլ չէր հավաքվել: Այսպիսով, «Հարսնաքարի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար արտահերթ նիստ չի հրավիրվի, քանի որ հավաքվել էր ընդամենը 21 ստորագրություն։











































