Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ ի հայտ է եկել հունիսի 22-ին Միջերկրական ծովում Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանած F-4 ինքնաթիռի կործանման մասին մի նոր վարկած:
Ցայժմ նշվում էր, թե այն կործանել է Սիրիան և տարբեր վարկածներ էին պպտվում, թե ինչ զենքով է այն կործանել թուրքական այդ ինքնաթիռը («երկիր-օդ» հրթիռով, զենիթային գնդացրով, նավից արձակված հրթիռով, հայտնի ֆիզիկոս Նիկոլա Տեսլայի ճառագայթային զենքով և այլն):
Սակայն Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը կործանված ինքնաթիռի ոչ հիմնական բեկորների փորձաքննությունից հետո հայտարարել է, որ այն վայր չի գցվել Սիրիայի կողմից, և որ ինքնաթիռի կործանման պատճառ կարող էին հանդիսանալ օդաչուների սխալը կամ տեխնիկական անսարքությունը:
Եվ ահա այժմ էլ նշվում է մի նոր երկրի անուն, ով կործանել է թուրքական ինքնաթիռը: Խոսքը գնում է Իսրայելի մասին, ով ցայժմ բազմաթիվ խիստ հայտարարություններ է արել՝ կապված Գոլանի բարձունքների հետ, սակայն որևէ հայտարարություն չի արել Սիրիայում առկա քաոսային իրավիճակի մասին:
Չի բացառվում, որ Իսրայելը Թուրքիայում ունեցած իր գործակալների միջոցով ներթափանցած լինի ինքնաթիռի համակարգչային ծրագրի մեջ և նրան հարկադիր վայրէջք պարտադրած լինի: Այսինքն՝ ինքնաթիռը կործանվել է Թուրքիայի ներսից:
Անգամ նշվում է, որ Միջերկրական ծովի միջազգային ջրերում գտնվել է երկու ինքնաթիռ, և Իսրայելի գործակալները գտնվել են երկրորդ՝ փրկված ինքնաթիռում, և նրանք են կապի մեջ մտել ու հայտնել ինքնաթիռի կործանման մասին: Իսրայելական այս քայլի թիրախում ընկած է և՛ Էրդողանը, և՛ Թուրքիան:











































