Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը կիրակի խոստացել է այսուհետ ավելի զգույշ լինել Twitter–ում թողած իր մեկնաբանություններում այն բանից հետո, երբ նրա վերջին թվիթերից մեկը մի քանի շաբաթ շարունակ քննարկվում էր երկրի քաղաքական վերնախավի և առաջատար ԶԼՄ-ների կողմից,- հաղորդում է Radio France Internationale-ը:
Սկանդալը ստացել էր «Թվիթերգեյթ» անվանումը (ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի նախագահության տարիներին Ուոթերգեյթի համանմանությամբ):
«Ես 7 անգամ կմտածեմ, նախքան Twitter-ում հաղորդագրություն թողնելը»,- հայտարարել է Վալերի Տրիերվեյլերը կիրակի BFM TV հեռուստաալիքին տվյած հարցազրույցում:
Ֆրանսիայի առաջին տիկինը նման հայտարարություն է արել իր ամուսնու՝ Ֆրանսուա Օլանդի հարցազրույցից հետո, որը շաբաթ տեղի ունեցած հեռուստահարցազրույցում հայտարարել էր, որ խնդրել է իր կնոջը տարանջատել անձնական կյանքը և հասարակական գործերը: «Կարծում եմ, որ անձնական գործերը պետք է լուծվեն անձնական հարաբերություններում, և այդ մասին ես ասել եմ իմ մերձավորներին»,- հայտարարել էր նախագահը:
Ֆրանսիայի առաջին տիկնոջ շուրջ սկանդալ էր բռնկվել հունիսին, երբ Վալերի Տրիերվեյլերը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաջողություն էր մաղթել նախագահի նախկին կնոջ՝ Սեգիլեն Ռուայալի մրցակցին:
Twitter-ի այդ գրառումը մեծ վրդովմունք էր առաջացրել Օլանդի և Ռուայալի որդու մոտ, իսկ ԶԼՄ-ները դրանից հետո սկսեցին խոսել այն մասին, որ նոր նախագահը, չնայած խոստումներին, գնալով ավելի շատ է սկսում նմանվել իր նախորդին: Նիկոլա Սարկոզիի նախագահությունն ուղեկցվում էր իր անձնական կյանքի շուրջ ծավալվող սկանդալներով:
Օլանդը շաբաթ օրը խոստացել է, որ նման սկանդալներ այլևս չեն կրկնվի:









































